Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մայիսի 15-ին, ժամը 10.50-ին, Երևանի Տիգրանյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 23-ամյա Գևորգ Մ.-ն:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 3-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ):