Չնայած Ամուլսարի հանքի շահագործման էկոլոգիական փորձաքննության վերջնական արդյունքները դեռևս պատրաստ չեն, այնուհանդերձ, արդեն կան առաջին արձագանքները, որ դրանք կլինեն դրական։ Սպասվում է, որ ծրագիրը կվերսկսվի այս տարվա երկրորդ կեսին։ Նման ակնկալիքներ ունի, մասնավորապես, Կենտրոնական բանկը։ Վերջինս ընթացիկ տարվա տնտեսական աճի սեփական կանխատեսումներում արդեն իսկ ներառել է Ամուլսարի ծրագրի վերսկսման ազդեցությունը։Թե ինչի՞ վրա է հիմնված Կենտրոնական բանկի գնահատականը՝ դժվար է ասել, բայց այն, որ դա չէր կարող առանց լուրջ հիմքերի լինել, միանշանակ է։ Ուստի մնում է ենթադրել, որ Կենտրոնական բանկը բավարար տեղեկատվություն ունեցել է, որպեսզի Ամուլսարի ծրագրի վերսկսման ազդեցությունը ներառի տնտեսական աճի կանխատեսումներում։
 
Ինչպես երևում է՝ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի լոբբինգը «Լիդիան» ընկերության օգտին՝ տալիս է իր պտուղները; Այն, որ Բնապահպանության նախարարությունը շեղվել է իր բուն պարտականություններից, ակնհայտ է դառնում նաև նախարարի տեղակալի հրաժարականի դիմումի տեքստից, որն օրերս հայտնվեց մամուլում: Մասնավորապես, նախարարի տեղակալը հայտարարել է, որ բնապահպանության ոլորտում ընթացող գործընթացները չեն համապատասխանում իր սկզբունքներին և գործելակերպին: Ինչևէ, Գրիգորյանի ջանքերը պսակվում են հաջողությամբ և կարծես թե մոտ է այն պահը, երբ Ամուլսարը կվերագործարկվի:
 
Իսկ ի՞նչ մոտեցում ունի այս փուլում Նիկոլ Փաշինյանը: Ամիսներ առաջ խորհրդարանի ամբիոնից վարչապետը հայտարարեց, թե՝ ուզում են՝ թող դատի տան, նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Լիդիան»-ը կարող է արբիտրաժային դատարանում վիճարկել ՀՀ կառավարության քայլերը: Այսօր, սակայն, Ամուլսարի հարցում Փաշինյանը նախընտրում է լռություն պահպանել, պատճառն էլ հասկանալի է՝ ԱՄՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի մեսիջները տեղ են հասել, և Փաշինյանը չի ցանկանում դառնալ ԱՄՆ աչքի փուշը: Սակայն ակնհայտ է նաև, որ վարչապետը փորձում է անել ամեն բան, որպեսզի Ամուլսարի հարցի լուծումը՝ ինչպիսին էլ այն լինի, չդիտարկվի իբրև իր քաղաքական որոշումը…