Երեկ՝ մայիսի 22-ին, Աժ խորհուրդը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը, որի համաձայն, մայիսի 23-ին պետք է տեղի ունենար Աժ արտահերթ նիստ, սակայն խորհուրդը մերժեց առաջարկը։
Այսօր ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը պարզաբանեց պատճառները։
«Ես կողմ եմ քվեարկել: Պարոն Մարուքյանը չասաց, որ բուռն քննարկումներ են եղել։ Պարոն Մարուքյանը չասաց նաև, որ տեխնիկապես անհնար էր այսօր նիստ գումարել, քանի որ առնվազն 2 հանձնաժողովում այսօր շատ լուրջ և մեծ քննարկումներ են, որոնցում կան նաև «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված նախագծերը, ինչպես նաև հարկային օրենսգրքի հետ կապված նախագծեր։ Դա հայտնի է շատ ավելի շուտ, քան իրենք ներկայացրել են։ Բայց պարոն Մարուքյանն ամեն ինչ ներկայացնում է այնպես, ինչպես իրեն հարմար է։ Բուռն քննարկում է եղել, ես կողմ եմ քվեարկել, բայց տեխնիկապես դա անհնար էր»,-ասաց Սիմոնյանը։
Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, որ հիմա ավելի վատ ավանդույթներ են ձևավորվում, քան նախկինում էին, Սիմոնյանը պատասխանեց, որ նման բան չի տեսնում և համարում է, որ պետք չէ նման հայտարարություններ անել։ «Ակնհայտ է, որ թե՛ հանձնաժողովների, թե՛ ընդդիմությանը ավելի լայն լիազորություններ տալու և մթնոլորտի առումով դա այդպես չէ։ Ճիշտ չեմ համարում նման բաներ խոսելը: Գուցե դա ավելի լավ և ընդդիմադիր է հնչում, բայց որևէ աղերս չունի իրականության հետ»,-ասաց Սիմոնյանը։
Պատգամավորը նշեց, որ եթե ցանկություն լինի՝ նիստը կարող է գումարվել ամսվա վերջում։ Սիմոնյանի խոսքով, իրենք երբեք չեն խուսափել որևէ քննարկումից, պատճառը միայն եղել է հանձնաժողովի նիստերի խիտ գրաֆիկը։
Ասպրամ Փարսադանյան