ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ մայիսի 23-ին, քննարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության հեղինակած՝ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կառուցապատողից եկամտահարկի վերադարձով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել նաեւ մարզերի բնակիչներին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը բացատրեց փոփոխության անհրաժեշտությունը, ըստ նրա՝ մարզում աշխատողը բնակարան կարողանում է գնել Երեւանում, բայց չի կարողանում բնակարան գնել իր քաղաքում, որտեղ որ նա ապրում է. «Մարդը կարողանում է այս ծրագրից օգտվել Երեւանում այնտեղից այստեղ, բայց ուրիշ ծրագրով չի կարողանում օգտվել: Ասում եք՝ մենք երիտասարդ ընտանիքի տարիքը բարձրացրել ենք, հիմա եթե այդ մարդն ամուսնացած չէ, ինչպես է օգտվելու այդ ծրագրից: Եթե ամուսնացած չէ, ուրեմն պիտի ամուսնանա՞»:

Նախագծի քննարկմանը դեմ փաստարկները, նրա խոսքով, հիմնավորում են տարածքային ռասիզմը. «Եկամտահարկի մասին օրենքով բնակարան ձեռք բերելու հնարավորությունը, իր լավ կողմերով հանդերձ, շատ դժգոհություններ ունի այն քաղաքացիներից, որոնք չեն բնակվում Երեւանում: Մարզերում բնակարանաշինություն, ըստ էության, չկա, եւ մարզերում չեն կարողանում այս օրենքի առավելություններից օգտվել։ Ստացվում է՝ ՀՀ ամբողջ ժողովուրդն աշխատում եւ վճարում է հարկեր, բայց միայն մեկ տարածքի բնակիչներն են կարողանում օգտվել օրենքից»,- ասաց Մարուքյանը:

Նա առաջարկեց 2 տարով ընդունել նախագիծը. «Եկեք ընդունենք, մոնիտորինգ կանցկացնենք, կտեսնենք ինչպես է աշխատում»։

«Ես, կյանքում, նախագծեր չեմ հետաձգում: Ես ընդունում եմ Ձեր առաջարկները, չեմ հասկանում՝ դուք ինչո՞ւ եք դեմ»,- ասաց նա, սակայն հանձնաժողովը հետաձգեց նախագիծը:

 

Նշենք, որ կառավարությունն այս օրինագծին բացասական եզրակացություն է տվել: