ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է «Առողջ Հանրություն» ՀԿ-ի նախագահ, բժիշկ-նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանի հետ: 

– Տիկի՛ն Խաչատրյան, 2019 թվականի մայիսի 16-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ բավականին բուռն կերպով քննարկվեցին Հայաստանի Հանրապետությունում Գարդասիլ-4 պատվաստանյութի ներդրման, կողմնակի ազդեցությունների, տարիքային շեմի բարձրացման հարցերը։ Այդ նիստին նաև Դուք էիք մասնակցում։ Ձեր ընդդիմախոսները դրական էին խոսում այս պատվաստանյութի մասին և նշում էին, որ Ձեր ներկայացրած տվյալները ոչ մի կապ չունեն ապացուցողական բժշկության հետ։ Դա այդպե՞ս է։

 – Իրոք տեղի ունեցած նիստի ընթացքում հնչեցին բարոյախրատական ելույթներ, փորձ արվեց քաղաքականացնել Գարդասիլի հարցը, փորձ արվեց մանիպուլյատիվ միջոցներով քննարկումը տանել բանավեճի դաշտից դեպի վիճաբանության դաշտ։ Սակայն, մեր ընդդիմախոսների բոլոր սադրիչ ելույթները փշրվեցին պաշտոնական փաստաթղթերի, գիտական ծանրակշիռ փաստերին լրջությունից։

Մենք մեջբերեցինք ՀՀ ԱՆ 2014 և 2017 թվականներին հրապարակված ՄՊՎ վերաբերյալ ուղեցույցները, ԱՄՆ FDA, ԱՄՆ CDC, Եվրոպական CDC և այլ պաշտոնական փաստաթղթեր, ինչպես նաև ներկայացրեցինք Գարդասիլ-4 պատվաստանյութի FDA-ի կողմից հաստատված ընդհանուր բնութագիրը և Հայաստան ներկրած Գարդասիլի խմբաքանակների ներդիր թերթիկները։

Սրանք աշխարհում ընդունված, ամենալուրջ, ամենավստահելի փաստաթղթերն են, ինչը չժխտվեց նաև ՀՀ ԱՆ աշխատակիցների կողմից։

-Ընդհանուր առմամբ, քանի՞ սրվակ «Գարդասիլ-4» է ստացել Հայաստանի Հանրապետությունը։

-2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանին տրամադրվել է 34.700 սրվակ Գարդասիլ-4, իսկ 2018 թվականին` ևս 31.500 սրվակ։ Ստացվում է, որ ընդհանուր առմամբ ԳԱՎԻ հիմնադրամը Հայաստանին անվճար տրամադրել է 66.200 սրվակ Գարդասիլ-4։ Համաձայն պայմանավորվածության, Հայաստանի Հանրապետությունը 2019 թվականին պետք է գներ Գարդասիլ-4-ի նոր խմբաքանակ 4,5 ԱՄՆ դոլար/սրվակ արժեքով։

Սակայն, ինչպես հայտարարել է Գայանե Սահակյանը, մինչ օրս օգտագործվել է միայն շուրջ 6.000 սրվակ Գարդասիլ-4։ Ընդ որում՝ 2017 թվականին ստացած 34.700 դեղաչափի ժամկետը լրանում է 2019 թվականի հոկտեմբերի 12-ին, այսինքն՝ մոտ 4 ամսից։ Հետևաբար, շուրջ 28.000 դեղաչափ արագ սպառելու խնդիր կա։ Կարծում եմ, որ սա է Գարդասիլ-4 պատվաստանյութի կիրառման շեմը ապօրինի բարձրացնելու նպատակը։

-Վերջերս ասուլիսի ընթացքում պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ Գարդասիլ-4 պատվաստանյութի ներդրման համար դրամաշնորհ ստացել են 2016 թվականին, այն ժամանակ նախարար Արմեն Մուրադյանի համաձայնությամբ։ Առաջին ներկրումը եղել է 2017 թվականին, երբ նախարարն էր Լևոն Ալթունյանը։ Իսկ տարիքային շեմի բարձրացման հրաման ստորագրե՞լ է նախարար Արսեն Թորոսյանը։ Ի՞նչ եք կարծում, ո՞րն է առողջապահության այս երեք նախարարների դերակատարությունն այս հարցում։

-2016 թվականին ՀՀ ԱՆ կողմից ստացված դրամաշնորհային ծրագրում նշված է, որ Գարդասիլ-4 պատվաստանյութը կիրառվելու է միայն 13 տարեկան աղջիկների շրջանում։ Համաձայն Գարդասիլ-4 պատվաստանյութի ներդիր թերթիկի, ԱՄՆ FDA, ԱՄՆ CDC, Եվրոպական CDC տվյալների Գարդասիլ-4-ը ցուցված է  9-26 տարեկան անձանց։ Հետևաբար, տարիքի հետ կապված դրամաշնորհային ծրագրում ես խնդիր չեմ տեսնում։ 2017 և 2018 թվականներին, երբ առողջապահության նախարար էր Լևոն Ալթունյանը, ներարկման տարիքի խախտման հետ կապված հարցադրումներ նույնպես չենք հնչեցրել։ Սակայն, 2019 թվականին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ապօրինի ձևով բարձրացվել է Գարդասիլ-4 պատվաստանյութի կիրառման շեմը` այն հասցնելով մինչև 45 տարեկանի։

Բոլոր այս նախարարների պաշտոնավարման ընթացքում Գարդասիլ պատվաստանյութի ներդրամն ծրագրով զբաղվել է ՀՀ ԱՆ պատվաստումների ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ում անունով և տրամադրվել է այս դրամաշնորհը։ Ես վստահ եմ, որ Գայանե Սահակյանը միայնակ չի գործել։

Դրամաշնորհային ծրագիրն ուսումնասիրելիս պարզվում է, որ ծրագրի իրականացման համար պատասխանատու անձանցից է նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանը, ով հայտնի է որպես Սորոսի Բաց Հասարակության հիմնադրամից դրամաշնորհներ ստացող անձ, ՀՀ-ում այլասերումների քարոզչամեքենայի ղեկավար անձ և ՔՊ կուսակցության հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ տիկին Սահակյանը և իր համախոհները փորձում են իրենց կողմից ձախողված դրամաշնորհային ծրագիրը բարդել տարբեր տարիներին աշխատած նախարարների վրա և իրենց կողմից կատարված հանցագործությունները շրջել Արմեն Մուրադյանի և Լևոն Ալթունյանի ուղղությամբ։ Լուրջ իրավական խնդիրներ են առաջացել Արսեն Թորոսյանի գործողությունների արդյունքում։ Այս առումով ես հորդորում եմ Արսեն Թորոսյանին չքողարկել տեղի ունեցող գործառույթները և իր անձին բնորոշ անկաշկանդությամբ իրավապահ մարմիններին ներկայացնել իրականությունը։ Հակառակ դեպքում նա կհամարվի որպես այս ամբողջ ապօրինի ծրագրի ղեկավարների հանցակից։

Ես տարիներ շարունակ եղել եմ և կամ իմ նշած բոլոր նախարարների ամենասկզբունքային և չնահանջող քննադատներից մեկը։ Սակայն, ես չեմ ցանկանում, որպեսզի մեկ անձի կատարած հանցանքի համար պատասխան տա մեկ այլ անձ։ Յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր կատարած գործողությունների համար։

-Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը ԱԺ վերը նշածս նիստի ժամանակ խոսեց Հայաստան ներկրած Գարդասիլ-4 պատվաստանյութի չգրանցված լինելու մասին։ Ի՞նչ է դա նշանակում և արդյո՞ք առողջապահության նախարարությունը իրավունք ուներ կիրառել չգրանցված պատվաստանյութ։

-Աժ-ում տեղի ունեցած նիստի ժամանակ պարզվեց, որ ԳԱՎԻ հիմնադրամի կողմից Հայաստանին նվիրած Գարդասիլ-4 պատվաստանյութի երկու խմբաքանակները Հայաստանում չեն գրանցվել։ Այդ իրավասությունը ՀՀ ԱՆ-ն ունի։ Սակայն այստեղ առաջ է գալիս այլ խնդիր։ Չգրանցված դեղամիջոցը, այդ թվում նաև պատվաստանյութը, պարտավոր են կիրառել միմիայն ներդիր թերթիկի ցուցումների համաձայն։ Իսկ առկա պատվաստանյութի ներդիր թերթիկում նշված է, որ այն նախատեսված է 9-26 տարեկան անձանց համար։

Նիստի ընթացքում ՀՀ ԱՆ աշխատակիցը ինձ համար անսպասելի կերպով նշեց, որ տարիքային շեմի այդօրինակ բարձրացումը խնդիրներ չի առաջացնում, քանի որ պատվաստվողներին չի տրամադրվում Գարդասիլ-4-ի ներդիր թերթիկը։ Հավելեմ, որ ՀՀ ԱՆ-ն Գարդասիլ-4 պատվաստանյութը ստացել է միայն 13 տարեկան աղջիկներին անվճար տրամադրելու նպատակով (համաձայն ԳԱՎԻ քաղաքականության)։

Հետևաբար, տարիքային շեմի բարձրացումը մի քանի խնդիր է առաջացնում։ Տեղի է ունեցել պատվաստանյութի կիրառման ցուցումների կոպտագույն խախտում, պատվաստվող քաղաքացիներին չի տրամադրվել ներդիր թերթիկը և չեն ներկայացվել հնարավոր բարդությունները (օրինակ թրոմբոցիտոպենիա, թոքաբորբ, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ապենդիցիտ, մահ), և Գարդասիլ-4 պատվաստանյութը անվճար տրամադրվել է 14-45 տարեկան անձանց։ Փաստորեն, իրավախախտում է թույլ տրվել նաև Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության և ԳԱՎԻ հիմնադրամի նկատմամբ։