Սթեն Լիի՝ կոմիքսների հեղինակի նախկին մենեջեր Կիյա Մորգանը ձերբակալվել է նախօրեին վարձակալողի հետ դաժան վերաբերմունքի մեղադրանքով, «Ինտերֆաքսին» տեղեկացնում է Associated Press գործակալությունը։
Նա կալանվել է Արիզոնայում։ Սպասվում է, որ Մորգանին կարտահանձնեն Լոս Անջելես, որպեսզի այնտեղ դատեն։
Քննության վարկածով՝ Մորգանն օգտվել է իրեն վարձակալողի տարիքից, նրա թուլությունից եւ տեսողական ու լսողական խնդիրներից, որպեսզի վերահսկողություն սահմանի նրա ու նրա գույքի հանդեպ։
Ոստիկանությունը հաղորդում է, որ Մորգանը յուրացրել է ավելի քան 262 հազար դոլար, որոնք Լին վաստակել է 2018-ի մայիսին ինքնագիր-սեսիայում։ Բացի այդ, նա տարեց նկարչին նրա Հոլիվուդյան բլուրների տնից Բեւեռլի հիլզում հանել ու այլ տեղ է տարել, որտեղ մենեջերը կարող էր մեծ ազդեցություն ունենալ իր գործատուի վրա։
Լիի դստեր խոսքով՝ Մորգանն օգտվում էր իր հոր թուլությունից եւ խանգարում էր հանդիպել ընտանիքի ու ընկերների հետ։
Լին մահացել է 2018-ի նոյեմբերին 95 տարեկանում։ Մահվանից առաջ, նույն թվականի ամռանը, գործ է հարուցվել նրա հետ դաժան վերաբերմունքի մեղադրանքով։ Ինքը՝ Լին, հանդես է եկել իր մենեջերի պաշտպանությամբ՝ նշելով, որ Մորգանը իր միակ գործընկերն է։ Նշվում էր, սակայն, որ հայտնի կոմիքսների հեղինակը երբեմն չէր կարողանում հիշել իր օգնականի անունը։
Լին ամենահանրահայտ կերպարներից մեկի՝ Marvel-ի ստեղծողն է, ներառյալ Մարդ-սարդը, Երկաթե մարդը, Հալքան, Ֆանտաստիկ քառյակը, Իքս մարդիկ եւ այլն։ Marvel Comics-ում նա տարբեր ժամանակներում զբաղեցրել է գլխավոր խմբագրի, հրատարակչի եւ տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնները։ Թոշակի անցնելուց հետո նա դարձել է տնօրենների խորհրդի պատվավոր նախագահն ու պահպանել անդամությունը խմբագրական խորհրդում։