Վարորդի և անթույլատրելի հատվածով փողոցը հատող մի խումբ զինծառայողների միջև միջադեպ է տեղի ունեցել։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում այս մասին ասաց վարորդ Վահան Ջանոյանը։
«Զեբրան 20 մետր այն կողմ է, բայց ՊՆ-ում բան չի փոխվել, հետն էլ բայեվիկները սահմանի տեղը եկել են Երևան»,- ասում է նա։
Նա պատմեց, որ Նորք-Մարաշի Թևոսյան-Հովհաննիսյան փողոցների խաչմերուկ չհասած՝ տեսնելով անթույլատրելի հատվածով փողոցն անցնող զինծառայողներին, արագ արգելակել է և ձայնային ազդանշան տվել․ «Մեքենայիս ազդանշանը փոքր-ինչ բարձր է. երևի դրանից վրդովված սկսեցին առաջանալ դեպի ինձ։ Երբ ասացի՝ չեք տեսնո՞ւմ՝ 20 մետր այն կողմ զեբրան է, ինչո՞ւ եք այստեղով անցնում, ավելի բորբոքվեցին, քաշքշոց սկսվեց, հայհոյանքներ հնչեցրինք միմյանց նկատմամբ։ Մեքենայիս դռները հասցրեցի փակել, թե չէ՝ մոտ 30 հոգով մտնելու էին ներս։ Քիչ անց իրենց, երևի թե, հրամանատարն էր, եկավ, իրենց տարավ»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է, թե գուցե քայլերթ էին անում, դրա համար են այդտեղով անցել․ «Ասաց՝ կպարզեն՝ մեղավո՞ր են, թե՝ ոչ, բայց չեմ հասկանում, ի՞նչ կա այդտեղ պարզելու, եթե ներքին ծառայողական կարգն է խախտված»,- նշեց Վահան Ջանոյանը։