«Ես կմոլորվեմ ասել, թե ովքեր են մտավորականներ վերջապես, իսկ թե ով ինչ դաշտում է գործում' հստակ է, անգամ, երբ ոչինչ չանող մտավորականի մասին ենք խոսում, ինքը ոչինչ չանելով, գործում է ոչինչ չանելու ֆորմատում, այսինքն' պետք է այդպես ընկալել այդ մարդուն, ինչ վերաբերում է մտավորականությանը, իմ խորին համոզումն է, որ, քանի դեռ այսպիսի իրավիճակ է երկրում, այդ ինստիտուցիոնալ, ժողովրդի կողմից պահանջված համախմբվածությունը մտավորականների մենք չունենք, առանձին մտավորականներ ունենք, մտավորականություն չունենք, հետևաբար' ոչինչ պետք չէ ակնկալել. անհատ մտավորական կտեսնեք, մտավորականություն չեք տեսնի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Աշոտ Ադամյանը:

Մեր այն հարցին, թե արդյո՞ք արվեստի, մշակույթի գործիչները պետք է արձագանքեն հասարակական-քաղաքական անցուդարձերին, Աշոտ Ադամյանը պատասխանեց, որ ցանկացած մեկը կարող է վարվել այնպես, ինչպես ինքն իրեն գիտակցում է իր երկրում, իսկ ինչ վերաբերում է անձամբ իրեն, ապա' որպես ռեժիսոր, քաղաքացի ու մարդ, չի կարող չհետևել այն ամենին, ինչ կատարվում է երկրում. «Իմ մանագիտությունը' ռեժիսուրան, ինչպես նաև իմ մարդկայինը, ինձ թույլ չի տալիս, որ ես չհետաքրքրվեմ բոլոր այն անցուդարձերով, որոնք կատարվում են իմ երկրում' հատկապես շատ օրհասական պահերին, երբ երկիրն է վտանգված, երկրի անհանգստությունը իմ անհանգստությունն է, առավել ևս, երբ հարցը վերաբերում է ժողովրդին: Ես չեմ ուզում խոսել ժողովրդի անունից, բայց ժողովրդի շահերը ազնիվ են, արդար և ոչ մի կապ չունեն այսօրվա իշխանության հետ»: Անդրադառնալով վարչախմբի այն կեցվածքին , որ Հայաստանում ամեն ինչ նորմալ է և բնականոն' ռեժիսորը նշեց, որ դա բնական է, քանի որ «Եթե գժին հարցնես դու գիժ ես, կասի չէ, ես գիժ չեմ, հետևաբար' այսօրվա իշխանությունը այդպես է վարվում, բայց մարդիկ իրենց կաշվի վրա են զգում երկրի վիճակը: Ես, այսքան շրջելով Հայաստանում, շփվելով բազմաթիվ և բազմապիսի մարդկանց հետ, տեսնում եմ համընդհանուր արդարացի դժգոհություն, իսկ թե իշխանությունը ինչպես է ինքն իրեն մեկնաբանում, դա իր մակարդակից է, եթե ինքը խոստովաներ, ապա արդեն լքած պիտի լիներ իրեն ոչ սազական տեղը, պաշտոններն ու աթոռները, հերիք եղավ, բոլ եղավ, ինքն անդամներով կպած է այդ աթոռին»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում քաղաքացիական անհնազանդության գաղափարին և ժողովրդի կողմից իր իշխանությունն ուղղակի կիրառելուն, Աշոտ Ադամյանը նշեց, որ Սահմանադրության մեջ ինքը տեսնում է ժողովրդի այդ իրավունքը. «Երբ ես կարդում եմ մեր երկրի Սահմանադրությունը, տեսնում եմ, որ, այո´, ժողովուրդը այդ իրավունքն ունի, եթե այդ իշխանությունը, այսպես ասենք, ժողովրդից խլված է, ժողովուրդն իրավունք ունի այդ իշխանությունը ետ վերադարձնել, ես հարյուր տոկոս համաձայն եմ դրա հետ, բնական է, ես չեմ ուզում, որ մեր երկրում արյուն թափվի, նախ, նրանք թող պատասխան տան նախորդ արյունների համար, ես էդ ուժը չունեմ' էդ թափված արյան մեղավորներին մոռանալու համար»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Գալուստ Սահակյանի և ՀՀԿ-ական գործիչների կողմից սահմանադրական բարեփոխումների անցկացման գաղափարին, որին Աշոտ Ադամյանը խատասխանեց. «Գալուստ Սահակյանը ինձ մոտ մոտավորապես «32 ատամ» ֆորմատի գործիչ է, իր հայտարարությունները իմ մոտ երբեմն ժպիտ են առաջացնում, նրա խելքից ինչ բխի' նա էն էլ ասում է, հիմա անկառավարելի ուղեղ է' ի՞նչ անենք: Շատ տխուր կլիներ կառավարության և ՀՀԿ-ի վիճակը, եթե Գալուստ Սահակյանը չլիներ»: Կրկին անդրադառնալով մտավորականներին' Աշոտ Ադամյանը նշեց, որ մտավորականը և մտավորականությունը ձևավորվում է ժողովրդի պահանջով ու պահանջարկով, և ներկայումս իրենց մտավորականներ ներկայացնողներից շատերը ոչ մի կապ չունեն ժողովրդի հետ, շահագրգռված են «անձնական կաշվի բարեկեցությամբ». «Մեծ հաշվով, ժողովուրդը այսպես է, թե այնպես' իրենց բացարձակ հետաքրքիր չէ, կերակուրը տեղը լինի' մնացածը էական չէ»: Եզրափակելով' Աշոտ Ադամյանը նշեց, որ ներկայիս իրադարձությունների ֆոնին շատ ոգևորող է ուսանողության ձևավորումն ու ակտիվացումը. «Ինչպես նշել էի մտավորականների առումով' մենք ունեինք ուսանողներ, բայց չունեինք ուսանողություն, իսկ հիմա ես տեսնում եմ, որ ուսանողությունը կայանում է, միավորվում է. դա արդեն շատ կարևոր քայլ է, քանի որ, բոլորս գիտենք, որ ուսանողությունը այս երկրի ապագան է»:

Աղասի Մարգարյան