Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հայտարարել էր, որ առաջարկելու է մի նախագիծ, ըստ որի՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող մարդիկ չեն կարողանա դառնալ պատգամավոր։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Պողոսյանի հայտարարությանը և գրել. «Սա ի՞նչ անհեթեթություն է: Սա ի՞նչ անարգանք ու անպատվություն է օրենսդիր իշխանության և ընտրողների նկատմամբ: «Իմ քայլը» խմբակցությունը կարո՞ղ է տեր ու տիրական լինել իր պատգամավորների մտքերին ու նախաձեռնություններին: Դադա՛ր տվեք ինստիտուտների վարկաբեկմանը»:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Սամսոնյանն ասաց. «Ես միայն կարող եմ ասել, որ տիկին Պողոսյանը, պարապությունից, չգիտի՝ ինչ անի։ Ես կոչ եմ անում խմբակցության ղեկավարին, խմբակցությանը և ամբողջ թիմին, հուշել, թե ինչ օգտակար գործով կարող է զբաղվել Պողոսյանը։ Այսքանը»։ Սամսոնյանն այլ հարցերի չպատասխանեց։

Ասպրամ Փարսադանյան