«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը ողջունում է Ազգային Ժողովում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Խնդրի համազգային նշանակությունը եւ ազգային ու պետական շահերի երաշխավորման առումով դրա ամբողջական ու արդյունավետ լուծման կարեւորությունը անհրաժեշտ է դարձնում շահարկումների տեղիք չտվող բարձր վստահությունը հանձնաժողովի գործունեության արդյունքների, այդ թվում՝ բացահայտումների, նկատմամբ։
Այդ նպատակին հնարավոր է հասնել Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ համակարգային, մասնագիտական եւ փաստարկված բացահայտումներ կատարած անձանց ներգրավմամբ։ Նրանցից առաջինը Ժիրայր Սէֆիլյանն էր, որ բացահայտեց Ապրիլյան քառօրյայի դավադիր բնույթը, տարածքային կորուստները եւ դրանք քողարկելուն ուղղված Սերժ Սարգսյանի ու նրա գլխավորած ռեժիմի կեղծիքները։
Վերոգրյալի հաշվառմամբ՝ պահանջում ենք Ժիրայր Սէֆիլյանին ներգրավել հանձնաժողովի աշխատանքում։