Ազգային ժողովի երեք խմբակցություններն այսօր հանդես են գալիս ճեպազրույցներով: «Բարգավաճ Հայաստան»-ից Վահե Էնֆիաջյանը և Իվետա Տոնոյանն իրենց խոսքի սկզբում ներկայացրին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը: Պատգամավորներն անդրադարձան նախորդ շաբաթ տեղի ունեցած աղմկահարույց դեպքերին:
Անդրադառնալով ՍԴ դատավորի նոր թենածուին և հարցին, թե արդյո՞ք Վահե Գրիգորյանը նույնպես պետք է ենթարկվի վեթինգի, պատգամավորները պատասխանեցին. «Վեթինգի հետ կապված, չնայած շատ քննարկումներին, գործիքակազմի վերաբերյալ հստակ մոտեցում չկա: Եթե քաղաքական համակարգի ներկայացուցիչների նկատմամբ նման գործընթաց պետք է տեղի ունենա, ապա առհասարակ պետք է վերաբերվի բոլորին: Թեկնածուի առաջադրման մասով՝ առհասարակ գիտենք, որ նախաձեռնությունը ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդ է, այն պարբերական բնույթ է կրում: Որպես հավելում՝ ասեմ, որ Վահե Գրիգորյանը որակել է գործող նախագահի ոչ լեգիտիմ լինելու հանգամանքը: Եթե առաջնորդվենք այս հանգամանքով՝ ստացվում է, որ ոչ լեգիտիմ նախագահը առաջադրել է լեգիտիմ դատավորի թեկնածո՞ւ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավոր Իվետա Տոնոյանը, հակիրճ անդրադառնալով թեմային, ասաց. «Մինչ այդ, նախորդ շաբաթ, բազմաթիվ անգամներ իմ գործընկերները առիթ ունեցել են խոսել այս գործընթացի մասին, որ առնվազն չորս անգամ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը , և խորհրդարանական մեծամասնության կողմից այդ թեկնածուներին մերժելը, առնվազն անլուրջ վերաբերմունք է ինչպես խորհրդարանի, այնպես էլ Սահմանադրության և նախագահի ինստիտուտի նկատմամբ: Մենք կոչ էինք արել երկու կողմերին՝ «Իմ քայլը» խմբակցությանը և նախագահի ինստիտուտին, որպեսզի արդար լինեն և ասեն, որ այս գործընթացների մեջ մի բան այն չէ: Ունեցանք այն, որ հաջորդ օրը նախագահի կողմից առաջադրվեց Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Ընդամենը մեկ տարի առաջ նույն Վահե Գրգորյանը Արմեն Սարգսյանին որակում էր որպես տխմարագույն ճառեր արտասանող դեմագոգ, որպես ոչ լեգիտիմ նախագահ: Այս դեպքում մենք պետք է հասկանանք՝ ոչ լեգիտիմ նախագահի կողմից առաջադրված թեկնածությունը լեգիտի՞մ է համարվում, թե ոչ»:
Ասպրամ Փարսադանյան