Հղի Մարգարիտա Սիմոնյանին դուրս են գրել հիվանդանցից, որտեղ նա հայտնվել էր Ալեքսանդր Նավալնիի ֆոնդի իրավաբան Լյուբով Սոբոլի հետ կապված միջադեպից հետո։ RT-ի գլխավոր խմբագիրը բժիշկներին շնորհակալություն է հայտնել օգնության համար եւ հայտնել, որ չեղարկում է բոլոր հանդիպումները, որոնք ծրագրվում էին Սանկտ Պետերբուրգում «ПМЭФ-2019»-ի շրջանակներում։
Սիմոնյանը լուսանկար է հրապարակել, որում երեւում է բժիշկների ախտորոշումը՝ «հոգեհուզական սթրեսից հետո վիժման վտանգ»։
««Էխո Մոսկվի»-ի եւ անձամբ Բենեդիկտովի նկատմամբ ոչ մի պահանջ չունեմ։ Նրանք հրաշալի էին, ինձ համար շտապօգնություն են կանչել, օպերատիվորեն վերափոխել եթերը»,- Telegram-ում գրել է Սիմոնյանը։
Նա Լյուբով Սոբոլին, Նավալնու կնոջն ու դստերը «ամուր առողջություն, երկարատեւ կյանք, հեշտ հղիություն եւ ավելի շատ երեխաներ» է մաղթել։
«Համարձակվում եմ հույս ունենալ, որ անկախ աջակցությունից, Լյուբովն անձամբ հասկանում է, որ վատ է վարվել եւ տանջվում է դրա պատճառով։ Պետք չէ տանջվել։ Բոլորս էլ երիտասարդ տարիքում սխալներ ենք թույլ տալիս, որոնց համար զղջում ենք։ Իսկ եթե չի հասկանում, կհասկանա։ Եթե ոչ այս աշխարհում, ապա այն աշխարհում»,- նշել է Սիմոնյանը՝ բոլորին բարին ցանկանալով։
Նախօրեին RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին հոսպիտալացրել էին«Էխո Մոսկվի» ռադիոկայանում Լյուբով Սոբոլի հետ միջադեպից հետո։ Սիմոնյանը Telegram-ում գրել էր, որ ռադիոկայան է գնացել եթերի, որտեղ մուտքի մոտ իրեն սպասելիս է եղել Սոբոլը՝ միացրած տեսախցիկով եւ չգիտես՝ ինչու սկսել է հարցեր տալ, թե իբր Սոբյանինը «Մոսկվայում բնակարաններ է բաժանում իր ենթականերին»։ Նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը, խոստացել է իրավիճակից գլուխ հանել, իսկ պրոդյուսեր Թինա Կանդելակին աջակցել է՝ առողջություն մաղթելով։
Աղբյուրը՝ NEWS.am