ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել այն մասին, որ անհամբեր սպասում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Վաշինգտոնում հունիսի 20-ին տեղի ունենալիք հանդիպմանը: Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ պատրաստ է օգնել տարածաշրջանում խաղաղության առաջխաղացմանը:
Գաղտնիք չէ, որ Հայաստանում հեղափոխությունից հետո օրակարգ բերվեց, այսպես կոչված, Բոլթոնի պլանը, որը Արցախի հարցում ենթադրում է «փող տարածքների դիմաց» բանաձևի կիրառում: Առերևույթ Փաշինյանը տվել էր իր համաձայնությունը, սակայն հետագայում, հատկապես Ալիևի հետ դավոսյան հանդիպումից հետո, ինչ-որ բան այնպես չգնաց: Ընդ որում՝ անմիջապես Փաշինյանի՝ «Բոլթոնի պլան»-ից «թռնելուց» հետո խաղի մեջ մտավ հայտնի ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով խոսեց Հայաստանի մասին եւ իր աջակցությունը հայտնեց Հայաստանի քաղաքացիական հասարակությանը «երկրի ժողովրդավարական ներկայի եւ ապագայի կառուցման համար»: Այժմ պետք է հասկանանք, թե Սորոսի ծախսերը ինչ գին կարժենան Հայաստանի համար:
Ջոն Բոլթոնի ծրագրի թիրախը Իրանն է, դրա իրականացման հարցում գործընկերներ են Թուրքիան եւ Ադրբեջանը (վերջինիս որպես բոնուս խոստացվել է հենց Ղարաբաղը), իսկ ռազմավարական թիրախը Ռուսաստանն է: Հայաստանին այս խաղում խոստացվել է «տարածաշրջանային տնտեսական ներուժի իրագործմանն ուղղված որոշ փոխշահավետ տնտեսական նախագծերի իրականացում»: Ամերիկացի դիվանագետի պլանը ենթադրում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա Արցախի հարցում՝ իր հասարակությանը նախապես պատրաստելով «խաղաղությանը»: Փաշինյանն, իհարկե, չէր կարող չգիտակցել այդ ծրագրի իրականացման հետևանքները՝ իշխանությունը պահելու համատեքստում: Այսօր, սակայն, մենք տեսնում ենք մի գործընթաց, որը տանում է Բոլթոնի պլանի վերակենդանացմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Միևնույն ժամանակ, հարց է՝ արդյո՞ք Փաշինյանը դուրս էր եկել այդ պլանից, ինչպես փորձում էր ներկայացնել իր հրապարակային հայտարարություններով և կեցվածքով, թե՞ դա ընդամենը ներքին լսարանին հանգստացնելուն ուղղված քայլ էր:
Այսօր, սակայն, Փաշինյանը չի կարող հապաղել, քանի որ փողի այլընտրանքային աղբյուրներ գտնելու Փաշինյանի բոլոր փորձերը ձախողվել են՝ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ՌԴ-ն չեն ցանկանում շոշափելի ֆինանսական աջակցություն ցուցաբերել Փաշինյանի կառավարությանը, ինչը չես ասի ԱՄՆ մասին; Այսօր տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ կոնգրեսը հաստատել է Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլար տրամադրելու որոշումը: Արդյո՞ք Բոլթոնի հետ եռակողմ հանդիպմանը ընդառաջ այս քայլը հստակ ուղերձ չէ Հայաստանի իշխանություններին...