Այսօր Ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնող Ահազանգ նախաձեռնության անդամները հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշիյանի հետ։ ԼՈՒՐԵՐ.com- ի հետ զրույցում ակցիայի մասնակից Քրիստինե Վարդանյանն ասաց, որ առիթ են ունեցել մտքերի փոխանակում անելու։ Վարչապետը նշել է, որ վիճելի է, և բացարձակ ճշմարտություն չկա նախագծի վերաբերյալ։

Մասնակիցների համար կարևոր է այն, որ վարչապետն ասել է, թե իր համար դեռ պարզ չէ այս ամեն ինչի հետևանքները, և նա պետք է նախագիծը տեսնի գործնական փուլում, որպեսզի կարողանա վերջնական եզրակացության գալ։ Վարդանյանի խոսքով, սակայն, այն մարդիկ, որոնց վրա այս նախագիծը բացասական ազդեցություն է ունենալու՝ չեն կարող սպասել 1-2 տարի։

«Թյուրըմբռնում կար նաև պարտադիր կուտակայինի վերաբերյալ։ Վարչապետն ասել է, որ նորից պետք է նայի այն՝ եզրակացության գալու համար։ Վարչապետը բերեց Վրաստանի օրինակը, նշելով, որ այնտեղ վերացել է ծրարով աշխատավարձ տալը։ Այո՛, Վրաստանը տարբեր փուլերում որոշակի կարճաժամկետ հաջողությունների է հասել, բայց Վրաստանում անհավասարության ամենաբարձր գործակիցը կա։ Վրաստանում հիմա ուզում են հետ գալ պրոգրեսիվ հարկման, սակայն սահմանադրական արգելքներ ունեն և չեն կարողանում։ Մենք դա հիշեցրինք վարչապետին»,-նշեց Քրիստինե Վարդանյանը։

Նրա խոսքով՝ իրենք գնում են այն ճանապարհով, որ այս օրենքի նախագիծը չընդունվի, բայց եթե անգամ այն օրենքի ուժ ստանա, ապա հաջորդ իշխանությունները կամ այս իշխանությունները՝ տարիներ հետո, ցանկություն են ունենալու վերադառնալ պրոգրեսիվ հարկման տարբերակի։ Մեր դիտարկմանը, որ այս ակցիան բնորոշվում է որպես քաղաքական ակցիա, այլ ոչ տնտեսական, Վարդանյանն ասաց. «Դե, դա իրենց կարծիքն է։ Այս հարցը քաղաքական է այնքանով, որ որոշումը ընդունվում է Ազգային ժողովում։ Եթե պատգամավորները չգիտեն, որ իրենց որոշումները քաղաքական են, ապա դա իրենց խնդիրն է։ Քաղաքական է այն առումով, որ իրադարձությունը տեղ է ունենում քաղաքական դաշտում և խնդրի լուծումը նույնպես քաղաքական գործիքակազմն է։ Ահազանգ նախաձեռնությունը հենց այս իրադարձությունները կանխելու միտումով է առաջացել։ Երևի իրենց ակնարկն այն է, որ նախաձեռնությունը ՀՅԴ երիտասարդական խմբի կողմից ստեղծված նախաձեռնություն է։ Այս նախագիծը վնասում է սոցիալիզմի գաղափարին և դա առաջացրեց մեր զայրույթը»։

Ակցիայի մասնակիցները հանդիպումներ են ունեցել մի քանի պատգամավորների հետ։ Վարդանյանի խոսքով՝ իմքայլական պատգամավորները բացարձակ վստահություն ունեն տնտեական բլոկի պատգամավորների նկատմամբ, ովքեր առաջ են տանում այս նախագիծը։ Բայց, ամեն դեպքում, պատգամավորները չեն պնդում, որր այս նախագիծը բացարձակ ճիշտ է։

Ասպրամ Փարսադանյան