իչ առաջ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանն ԱԺ-ում երդվելու ժամանակ հայտարարեց․ «Սահմանադրական դատարանում այս պահին կա միայն երկու դատավոր: Եւ ես ստանձնում եմ ՍԴ նախագահի պաշտոնը»։ Վերջինիս հայտարարությունը շփոթության տեղիք է տվել և, դատելով կարծիքներից, իրականում որևէ մեկը չի հասկանում Գրիգորյանի հայտարարության իմաստը։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, մեկնաբանելով Գրիգորյանի խոսքերը, դժվարացավ ասել, թե ինչ էր հետապնդում, սակայն նշեց՝ կարելի է արձանագրել, որ նման հայտարարությունը սահմանադրությունից չի բխում, սահամանադրությանը չի համապատասխանում և բնականաբար չի համապատասխանում նաև ՍԴ մասին օրենքին։

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելը կամ պաշտոնը ստանձնելը մեխանիկական գործընթաց չէ և անձը չի կարող իրեն պարզապես հռչակել ՍԴ նախագահ կամ պարտականությունները կատարող․ «ՍԴ մասին օրենքն ու սահմանադրությունը նախատեսում են, թե ինչպես 2015թ․ սահմանադրական նորմերի աբողջական գործողության արդյունքում պետք է կատարվի ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրությունը։ Սա տեղի է ունենում հենց ՍԴ-ի կողմից, բացառությամբ այն դեպքի, եթե ՍԴ նախագահ ընտրվել է 2005 թ-ի համապատասխան դրույթների դեռևս գործողության մեջ լինելով՝ ինչը տեղի ուենեցավ ներկայումս գործող ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեպքում։ Վերջինիս պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո ՍԴ նախագահի ընտրության մեխանիզմը լինելու է հենց դատարանի դատավորների կողմից։ Իսկ այն թեզը, որը շրջանառվում է, չեմ կարող պատկերացնել, թե ինչ նպատակ է հետապնդում։ 2015-ի սահմանադրությունը որևէ նորամուծություն չի նախատեսում, հստակ նախատեսում է անցումային դրույթներով, որ 2005-ին դեռևս ՍԴ անդամ հանդիսացողները մեխանիկորեն դառնում են ՍԴ դատավոր մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը, հետևաբար տրոհել, որ 2-ը ՍԴ դատավոր են 7-ը՝ ոչ, չի կարող լինել»,- ասաց նա։

Սահմանադրագետի խոսքով՝ ի վերջո որն էր անդամի և դատավորի տարբերությունը․ «Դատավորն իրենից ենթադրում է պարտադիր, որ ՍԴ անդամի կամ դատավորի պաշտոնը ստանձնողը պետք է լինի իրավաբան, այսինքն մասնագիտացման պարտադիր պայման լինի։ Սակայն ՍԴ 9-ը անդամից, դատավորներից գեթ մեկը արդյո՞ք իրավաբան չէ, այսինքն արդյոք դատավորի այդ նոր պահանջը որևէ ազդեցություն ունեցել է դատարանի վրա՝ ո՛չ, հետևաբար այդ տրոհումը, Հայաստանի պրակտիկային վերաբերելի չէ»,- նշեց նա՝ ավելացնելով, որ կան եվրոպական երկրներ, որտեղ ՍԴ անդամ լինում են նույնիսկ մարդիկ, ովքեր ոչ իրավաբան են, սակայն Հայաստանում այդ փորձը չունենք։

Կարծիքներ կան, որ հենց ՍԴ դատավորի ընտրությունից հետո է սկսելու վեթինգի բուն պրոցեսը, որի մասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կիսո՞ւմ եք կարծիքը՝ հարցին ի պատասխան Վարդևանյանն ասաց․ «Դժվարանում եմ ասել, սակայն ՍԴ դատավորներն ունեն սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված լիազորություններ, որոնք վերաբերում են սահմանադրության գերակայության ապահովմանը և սահմանադրական արդարադատության ապահովմանը։ Որևիցե այլ լիազորություն նախատեսված չէ»։

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությունն ինչ-որ ձևով ազդի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության վրա, քանի որ նա համարվում է նոր իշխանության կողմից ընտրված անձ, Վարդևանյանը նշեց․ «Ինքը կարծես թե այդ հարցին պատասխանել էր այնքանով, որ որևէ մասնակցություն չի կարող ունենալ, քանի որ շահերի բախում կա։ Այսինքն ինքը կաշկանդող, անաչառության սահմանափակման որոշակի իրավիճակում է հայտնվել։ Կարծում եմ' այդ պատասխանը բավականին հստակ, սպառիչ իրավիճակը նկարագրեց։ Իհարկե, նաև պետք է հաշվի առնել և հուսալ, որ փակ դռների հետևում քննարկումներ այդ հարցի վերաբերյալ չի ծավալվի, քանի որ իսկապես ՍԴ դատավորը պետք է մշտապես առաջնորդվի անկախության, անաչառության սկզբունքով, այլ ոչ թե ներքին կազմով, որը կարող է լինել մինչնհարցի քննությունը արդեն իսկ ձավորված։ ՍԴ դատավորները չեն կարող նույնիսկ օրենքի վերաբերյալ կարծիո հայտնել, որը կարող է ՍԴ-ում հետագայում քննության առարկա դառնալ։ Սա չափազանց կարևոր սահմանափակում է և եթե նման իրավիճակ լինի այն անհամատեղելիության խնդիր է կհանդիսանա»,- եզրափակեց Արամ Վարդևանյանը։