Վահե Գրիգորյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններն ու պարտականությունները ստանձնելու մասին հայտարարությունն անակնկալ է եղել «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի համար: Այդ մասին պատգամավորն այսօր ասաց ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում։
«Ինձ համար անակնկալ էր Վահե Գրիգորյանի հայտարարության՝ ՍԴ-ի նախագահի պարտականությունները ստանձնելու հատվածը»,- ասաց Մակունցը: Հարցին, թե արդյոք փորձե՞լ է այդ հարցի շուրջ պարզաբանում ստանալ, Մակունցը պատասխանեց՝ ոչ, քանի որ ինքը նման իրավունք չունի:
Նա պարզապանեց՝ սահմանադրական դրույթները կարող է մեկնաբանել բացառապես ՍԴ-ն և դատարանի դատավորը: Այդ պատճառով Մակունցը հորդորեց մեկնաբանություններ ստանալու համար դիմել Վահե Գրիգորյանին:
«Յուրաքանչուր թեկնածուի իրավունքն է՝ որևէ փուլում որոշել որևէ մտադրության մասին հանրայնացնել կամ չհանրայնացնել: Վահե Գրիգորյանը նպատակահարմար է գտել իր մտադրությունների մասին տեղեկացնել երդման արարողության ժամանակ, ես որևէ խնդիր այդտեղ չեմ տեսնում: Իսկ ինչ վերաբերում է նրա հայտարարությանը՝ ՍԴ-ի նախագահի պարտականությունները կատարելու վերաբերյալ, ես խնդրում եմ՝ քանի որ դա սահմանադրական դրույթի մեկնաբանություն է, դիմել Վահե Գրիգորյանին, քանի որ նման հարցերն իրավունք ունի մեկնաբանել բացառապես ՍԴ-ն»,-անդրադառնալով հարցին, թե արդյոք իր թեկնածության քննարկման ընթացքում Վահե Գրիգորյանը չէր ասել նախագահ դառնալու մտադրության մասին, ասաց Մակունցը։ Նա շեշտեց, որ ԱԺ-ն, որպես օրենսդիր մարմին, և իրենք՝ որպես պատգամավոր, իրավունք չունեն այդ հարցին անդրադառնալու:
Նա նշեց, որ խմբակցության ներսում որևէ քննարկում չի եղել Հրայր Թովմասյանի վերաբերյալ: «Սակայն ՍԴ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին, որ նկարագրել է Վահե Գրիգորյանը, մենք տեղյակ եղել ենք»,-նշեց Մակունցը:
Ասպրամ Փարսադանյան