Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ կրկին բացակայում է Վիեննայի օրակարգի, այն է՝ սահմանին միջազգային հետաքննության մեխանիզմների տեղադրման պայմանավորվածության հիշատակումը: Վիեննայի օրակարգն իրականում «մահ է Ադրբեջանի դիվանագիտության համար», դա «Ադրբեջանի կապիտուլյացիան է», որովհետև Վիեննայի որոշումներով միջնորդները հրադադարը խախտողին, կրակողին պատասխանատվության ենթարկելու, նրան պատժամիջոցների ենթարկելու ինստիտուտն են ներդնում, ինչը, փաստացի, փակուղի է մտցնում Ադրբեջանի, այսպես կոչված՝ «ռազմական դիվանագիտությունը»։

Փաստորեն, եթե հայկական կողմը չի պնդել Վիեննայի օրակարգի վրա, կամ պնդել է և չի հասել բաղձալի արդյունքի, ապա պետք է արձանագրենք, որ առնվազն այս փուլում առկա է համաձայնություն ստատուս-քվոյի պահպանման վերաբերյալ՝ այն պարզ պատճառով, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիան այս պահին չի բխում խաղացողների շահերից: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Ալիևը կրկին խոստացել է չկրակել, իսկ հայկական կողմը չի պնդել Վիեննայի օրակարգի վրա: Կարելի է նաև եզրակացնել, որ Բոլթոնի հետ ՀՀ ԱԳՆ ղեկավարի և իր ադրբեջանական կոլլեգայի հանդիպումները գոհացրել են ոչ այնքան հակամարտող կողմերին, որքան ԱՄՆ-ին, քանի որ արդեն իսկ կագավորման գործընթացում երևում են բոլթոնյան պլանի ականջները:

Ի դեպ, թե՛ Հայաստանում, թե՛ հարևան երկրում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում՝ Փաշինյանը և Ալիևը ամրապնդում են թիկունքները ուժայիններով: Ալիևը հեռացրել է դեռևս հոր նախագահության մեկնարկից ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ռամիլ Ուսուբովին: Նա այդ պաշտոնում է 1994 թվականից: Բացի այդ, Ադրբեջանի նախագահը պաշտոնանկ է արել նաև պետական անվտանգության ծառայության ղեկավարին: Իսկ դա նշանակում է, որ Ալիևը փաթեթային փոփոխություն է կատարում ներքին իրավիճակի համար պատասխանատու ուժային կառույցներում: Եթե Փաշինյանին և Ալիևին հայտնի է իրադրության զարգացման հետագա ընթացքն ու սցենարը, ապա ուժայիններին ապավինելու քաղաքականությունը հասկանալի է դառնում: