«Իմ քայլը» խմբակցության կողմից ստացել եմ առաջարկություն, քննարկել եմ և տվել եմ իմ համաձայնությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԲԴԽ անդամի պաշտոնում իր թեկնածության առաջադրմանը։
 
Քոչարյանը նշեց, որ երբեք ոչ մի կուսակցության անդամ չի եղել, երկար տարիներ աշխատել է ԵՊՀ-ում, եղել է Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի հիմնադիր վարիչ, ապա 2015-ից մինչ օրս աշխատել է արդարադատության փոխնախարար՝ կոորդինացրել է միջազգային իրավական համագործակցությունը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը և այլն։ Վիգեն Քոչարյանը հրաժարեց մեկնաբանել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարությունը՝ ՍԴ նախագահի պարտականությունները ստանձնելու վերաբերյալ:
 
«Իմ այսօրվա կարգավիճակով՝ որպես ԲԴԽ անդամի թեկնածու, ես ճիշտ չեմ համարի մեկնաբանել ու համապատասխան դրույթների խորը իրավական վերլուծություն կատարել: Ուղղակի կարող եմ նշել, որ դա հարգարժան պարոն Վահե Գրիգորյանի կարծիքն է, որը հիմնված է համապատասխան Սահմանադրության և այլ դրույթների վերլուծության վրա»,-նշեց Վիգեն Քոչարյանը:
 
Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Վենետիկի հանձնաժողովի տեսակետը այս հարցի վերաբերյալ, փոխնախարարը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովը տեսակետներ հայտնում է համապատասխան փաստաթղթերի, հարցադրումների հետ կապված. «Դեռևս մենք այս զարգացումների հետ կապված ո՛չ հարցադրում ունենք, ո՛չ էլ արձագանք»,-ասաց Վիգեն Քոչարյանը: