«Վրաստանում տեղի ունեցածի պատճառները տարիներ շարունակ արմատացած հակառուսական տրամադրություններն են: Այսինքն, արձագանքն էր վրաց հասարակության այն ակտիվ հատվածի, որը Ռուսաստանին համարում է օկուպանտ և այն հանգամանքը, որ պատվիրակները ներկա էին Վրաստանի խորհրդարանում և զբաղեցրել էին ԱԺ խոսնակի աթոռը, բնականաբար, պետք է բացասական արձագանք ստանար:
Այս հանգամանքից օգտվեցին նաև վրաց ընդդիմադիր գործիչները և իրենց վարքով ևս մեկ անգամ փաստեցին, որ վրաց-ռուսական հարաբերությունները դրական հարթություն բերելու հնարավորությունը կարճաժամկետ հեռանկարում հնարավոր չէ և իրականությունը բոլորովին այլ է»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Անդրադառնալով Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների սրման հետևանքների ազդեցությանը Հայաստանի վրա՝ վրացագետը նշեց. «Մի կողմից մենք Վրաստանի հետ ունենք բարձր մակարդակի հարաբերություններ, նա մեր անմիջական հարևան երկիրն է, և եթե անկայուն իրավիճակ ստեղծվի՝ միանշանակ բացասական կարող է լինել Հայաստանի համար, մյուս կողմից՝ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակիցներ ենք և բնականաբար, ռուս-վրացական հարաբերությունների լարումը մեզ համար ցանկալի չէ, քանի որ ոչ միայն քաղաքական ենթատեքստ կա, այլ նաև՝ տնտեսական»:
Նշենք՝ այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին արգելում է ՌԴ քաղաքացիներին փոխադրել Վրաստանի տարածք: Միլիոնավոր ռուս զբոսաշրջիկների բացակայությունը ինչպե՞ս կազդի Վրաստանի տնտեսության վրա, արդյոք սա ժամանակավոր բնույթ կկրի, թե ոչ՝ հարցին ի պատասխան Էրոյանցն ասաց, որ վրաց-ռուսական հարաբերությունների մեջ ժամանակավոր ասելը դժվար է, քանի որ կողմերի միջև լուրջ հակասություններ կան կոնֆլիկտի վերաբերյալ. «Ժամանակահատվածը կապված է գլոբալ խնդիրների հետ, որը երկարատև պրոցես է: Վերադառնալ այն հարաբերություններին, որոնք մինչ այս առկա էին՝ շփումներ ունեին տնտեսության, առևտրաշրջանառության, զբոսաշրջության, մշակութային ոլորտներում, այս ամենը հետ բերել, թեկուզ վերաբերմունքի առումով, շատ դժվար կլինի, ուստի, կողմերը պետք է զսպվածության, հանդուրժողականության դրսևորման աշխատանք տանեն»,- ասաց նա:
Խոսելով Վրաստանի ԱԺ նախագահի հրաժարականից հետո վրացիների բողոքի ակցիաների շարունակականության մասին՝ վրացագետը նկատեց. «Հաշվի առնելով ակտիվիստների պահանջները՝ այսքանով չեն բավարարվի, քանի որ իրենց հիմնական պահանջը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Հրաժարականներ կարող է էլի լինեն: Համենայնդեպս, 2012թ-ից՝ Սահակաշվիլիի իշխանության ավարտից հետո, ակտիվիստները չեն հանդարտվում և իրադարձությունների հետագա ընթացքը կախված է իշխանության քայլերից»,- նշեց Էրոյանցը:
Սոնա Հարությունյան