36-ամյա Կամարիա Արվեն մալայզիական Փեթալինգ Ջայա քաղաքից երեխա է ունեցել՝ կոմայի մեջ գտնվելով։
Ինչպես տեղեկացնում է The Star պարբերականը, 2018 թվականին կինն սկսել է բողոքել գլխապտույտից եւ տեսողության վատացումից։ Նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք եւ վիրահատել, բայց չնայած դրան՝ դեկտեմբերին նա կոմայի մեջ է ընկել։
Այդ ընթացքում Կամարիան արդեն հղի էր։ Եվ թեեւ նա կոմայի մեջ էր, պտուղը շարունակում էր զարգանալ։ Հղիության 33-րդ շաբաթում բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել։ Ծնվեց առողջ աղջիկ, որին անվանեցին Ֆարա Հանիս Ֆայրոլ Հազիրի։
Կամարիայի ամուսինը ստիպված է ամբողջովին նվիրվել հիվանդ կնոջ եւ նորածին աղջկա խնամքին։
«Ես երազում եմ կնոջս տեսնել գիտակցության եկած,- ասել է նա։- Բայց շնորհակալ եմ, որ աղջիկս ծնվել է առողջ, ինչպես մյուս նորմալ երեխաները։ Կնոջս հղիության ընթացքում միայն կաթ էին տալիս, բայց, չնայած դրան, մեր աղջիկն առողջ է ծնվել։ Անգամ բժիշկն ասաց, որ դա իսկական հրաշք է»։