Մասնագետները փորձագիտական կարծիք են հայտնում, որ նվազագույն աշխատավարձի շեմը բարձրացնելու համար անհրաժեշտ է 10 անգամ ավելի գումար, քան ներկայացվում է։ Նման կարծիք, մասնավորապես, հայտնել էր նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձը նախկին 55.000-ից պետք է բարձրանա 68.000 դրամի։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը նշեց, որ վարկածներ կարող են հայտնել բոլորը, սակայն դրանք քննարկելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ ենթադրություններ կան դրանց հիմքում։

Մեր այն դիտարկմանը, թե  նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ավելի շատ գումար է անհրաժեշտ, Մանուկյանն ասաց. «Ես պետք է նշեմ, որ Հայաստանը, Եվրոպական սոցիալական խարտիայի անդամ լինելով, ստանձնել է որոշակի պարտավորություններ, և եթե ուսումնասիրենք այդ խարտիայի դրույթները, ապա կտեսնենք, որ այնտեղ՝ որպես հիմնավորում, սովորաբար կիրառվում են սպառողական զամբյուղի կամ անվանական միջին աշխատավարձի հետ համեմատած չափորոշիչներ»։

Պատգամավորը նշեց, որ նախկինում՝ մասնավորապես 2017-2018 թվականներին, այդ սահմանված չափորոշիչները չեն համապատասխանել ստանձնած պարտավորությունների կատարմանը՝ գնաճի, անվանական միջին աշխատավարձերի բարձրացման պատճառով։ Խոսելով նվազագույն աշխատավարձի բարձրացման ռիսկային կողմի մասին՝ պատգամավորը նշեց, որ կարող է գործազրկության խնդիր առաջանալ, ինչպես նաև՝ հանգեցնել գնաճի ավելի բարձր մակարդակի։ Ամենախոցելին դառնում են ցածր որակավորում ունեցող սեգմենտները, որոնք ամենահեշտ փոխարինելին են։

Իր խոսքում Մանուկյանը նշեց, որ կոռեկտ չէ խոսել միայն ծախսային հատվածի մասին, քանի որ Կառավարությունը փորձում է որոշակի սոցիալական աջակցություն ցույց տալ ցածր աշխատավարձ ստացող սեգմենտին, քանի որ ակնհայտ է, որ այս նախագիծը պայմանավորված չէ արտադրողականության բարձրացմամբ։ «Տնտեսական քաղաքականությունը մշտապես կանգնում է երկու սկզբունքների (արդարության և արդյունավետության) հակամարտության միջև։ Եվ այս քայլերը ուղղված են սոցիալական արդարությունը շտկելուն»։ Անդրադառնալով Վաչե Գաբրիելյանի դիտարկմանը, որ Ֆինանսների նախարարության կողմից նախատեսված գումարը բավարար չէ  նախագիծը իրականացնելու համար, Մանուկյանն ասաց. «Նախ, եթե նման մտահոգություն լիներ, ապա Ֆինանսների նախարարությունը կհայտներ։ Պետք է նշել, որ աշխատավարձերի ֆորմալ բարձրացումից հետո մասնավոր հատվածի կողմից վճարվող հարկերը կավելանան, եթե իհարկե չլինի գործազրկության աճ։ Ըստ այդմ, ամենամեծ ռիսկը, որ ես տեսնում եմ, դա հնարավոր ազդեցությունն է գործազրկության վրա, հատկապես՝ ՓՄՁ կտրվածքով, ինչպես նաև՝ որոշակի գնաճային ճնշումները»։

Թե ինչու է Վաչե Գաբրիելյանը հակառակ պնդումները ներկայացնում, Մանուկյանն ասաց, որ իր գնահատմամբ Գաբրիելյանը հանրապետական վերնախավի այն անձանցից է եղել, որոնց դիտարկումները մշտապես եղել են որոշակի գնահատումների հիման վրա։

Պատգամավորի խոսքով՝ գուցե Գաբրիելյանը ցանկացել է որոշակի խնդիր մատնացույց անել։ «Խոսել միայն ծախսերի մասին և չխոսել ավելի խորքային հետևանքների մասին, այդքան էլ արդար չէ։ Նվազագույն աշխատավարձի չափի բարձրացումը որպես պարտավորություն ամրագրված է նաև միջազգային պարտավորություններով, որոնք ստանձնվել են, բայց չեն իրականացվել նաև Վաչե Գաբրիելյանի իշխանության ժամանակ»,- եզրափակեց Մանուկյանը։

 

Ասպրամ Փարսադանյան