Վերջին շրջանում առողջապահության նախարարությունը մի շարք բարեփոխումներ է կատարել։ Սակայն բարեփոխումներից քչերն են անդրադառնում Երևան քաղաքից հեռու համայնքների վրա։
Թե ինչ բարեփոխումներ են եղել մարզերի հիվանդանոցում և ինչ խնդիրներ կան, ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանի հետ:
-Առողջապահության նախարարությունը մի շարք բարեփոխումներ է արել, որքանո՞վ է դա անդրադառնում Երևանից հեռու գտնվող համայնքների վրա։
-Այսօր Երևանում և մարզերում տեղակայված հիվանդանոցների միջև ահռելի տարբերություն կա' թե՛ հիվանդանոցային պայմանների, թե՛ բժիշկների մասնագիտական պատրաստվածության: Դա պայմանավորված է հիմնականում հիվանդների թվաքանակի տարբերությամբ: Եթե Երևանում մասնավոր հիվանդանոցները առողջ մրցակցություն են ապահովում, որը բերում է որակի բարձրացման, ապա մարզերում բացակայում է այդ կարևոր հանգամանքը, և մնում է միայն պետական աջակցության միջոցներով լուծել այս բարդագույն խնդիրը: Կարծում եմ' այս ուղղությամբ առողջապահության նախարարությունը որոշակի քայլեր անում է, բայց հատվածական է և դանդաղ են ընթանում գործընթացները: Պետք է համակարգային լուծումներ կատարվեն: Պատկերը ցույց տալու համար բերեմ մի քանի օրինակներ. շտապ օգնության մեքենաները մարզերում ճիշտ հաշվարկած չեն: Այստեղ պիտի հաշվի առնել ոչ միայն մեկ սպասարկող շտապ օգնության մեքենային բաժին ընկնող բնակչության թվաքանակը, այլ նաև համայնքների միջև ընկած մեծ հեռավորությունները, էլ չասեմ միջհամայնքային ճանապարհների անմխիթար վիճակը, որը ժամանակի մեծ ծախս է առաջացնում: Մեկ այլ օրինակ՝ մարզերում ուռուցքով հիվանդները ստիպված տարվա մեջ մի քանի անգամ անալիզների համար գնում են Երևան, որը կարելի է մարզկենտրոնների հիվանդանոցներում համապատասխան լաբորատորիաներով հագեցնել և այդ մարդկանց, որոնք առանց այդ էլ խնդիր ունեն տեղաշարժման, հնարավորինս թեթևացնել հոգսերից: Մյուսը շատ լուրջ խնդիր է. մարզային հիվանդանոցներում մի շարք հիվանդությունների գծով բժիշկների բացակայությունը և որոշ դեպքերում մասնագիտական մակարդակը: Բժիշկը, որը դժվարին ճանապարհ է անցել մինչև հասել է այդ ստատուսին, չի ցանկանում ցածր աշխատավարձով և ոչ նորմալ պայմաններում աշխատել հեռավոր համայնքներում, այս խնդիրն էլ այսօր առկախված է մեր առջև: Մի խոսքով, խնդիրները շատ են և շուտափույթ լուծման կարիք ունեն:
-Արդյո՞ք մարզերին նույնչափ ուշադրություն է դարձվում և ինչո՞ւ է մասնագետների որակն այդքան տարբեր։
-Բնականաբար, կրկին տարբերությունը մեծ է: Հիմնականում լավագույն բժիշկները չեն ցանկանում աշխատել մարզային հիվանդանոցներում, քանի որ մասնագիտական լճացման վտանգից և ֆինանսական տեսանկյունից բացի, նրանց պահանջարկը շատ ավելի մեծ է: Այս խնդրի լուծում կարող է լինել բժշկական կրթություն ստանալուց հետո պետության հետ երաշխավորված և համարժեք աշխատավարձով պայմանագիր կնքել որոշակի տարի մարզերում աշխատելու համար, իհարկե, համապատասխան հմտություններ ձեռք բերելուց հետո միայն:
-Ի՞նչ պայմաններ պետք է ստեղծվեն, որ մասնագետները ցանկանան աշխատել մարզերում։
-Խրախուսող պայման է ավելի բարձր աշխատավարձը, կամ ավելի ճիշտ՝ վիրահատությունից գանձվող գումարից ավելի մեծ տոկոս տրամադրել մարզային բժշկին, քան տրվում է մայրաքաղաքում աշխատող բժշկին: Այս եղանակով բժիշկը ընտրության հնարավորություն կունենա, թե որտեղ աշխատի։ Կարծում եմ' այս ձևով հիվանդների հոսքը դեպի Երևան կկրճատվի, հնարավոր է նաև հակառակը տեղի ունենա. լավ բժիշկը, որը իր գործունեությունը իրականացնում է, ասենք, Տավուշի մարզում, իր անվան շնորհիվ հիվանդներ «բերի» այլ տեղերից տվյալ հիվանդանոցը և արդյունքում' և՛ հիվանդանոցն է շահում, որը ստրատեգիական նշանակություն ունի, և՛ բժիշկը:
Արդյո՞ք սահմանամերձ համայնքերի հիվանդանոցների պայմանները բավարար են արտակարգ իրավիճակում գործելու համար։
-Սահմանամերձ հիվանդանոցները կարիք ունեն նաև սարքավորումներով համալրման, միաժամանակ այդ սարքավորումները գիտակ կադրերով ապահովման: Լինում են դեպքեր, որտեղ հիվանդանոցը ունի ժամանակակից սարքավորում, բայց չեն կարողանում օգտվել դրա ընձեռած հնարավորություններից մասնագետների բացակայության պատճառով: Մի լուրջ խնդիր էլ ունենք. սահմանամերձ հիվանդանոցներում կամ դրանց կից չկա արյան պահուստավորման համար անհրաժեշտ միջավայր, այն դեպքում, որ, Աստված չանի, պատերազմական պայմաններում խնդիր ենք ունենալու ժամանակին արյան բավարար պաշարներ ունենալու հարցում. այս խնդիրը օր առաջ պիտի լուծվի: Ընդհանրապես, հարցից դուրս, առողջապահությանը հատկացվող բյուջետային միջոցները համեմատած այլ երկրների, բավականին քիչ է' ընդամենը 5 տոկոս, այնինչ' պիտի լինի 10-12 տոկոս: