Փորձագետների կարծիքով՝ խնդիրը կարող է լինել քիմիական նյութերի կիրառման մեջ: mk.ru-ի փոխանցմամբ՝ երեխաները կարող են տառապել ճարպակալմամբ ոչ միայն սխալ սնվելու հետևանքով: Ինչպես ենթադրում են կանադացի գիտնականները՝ երբեմն ծնողները չափազանց շատ են օգտագործում մաքրող միջոցներ, և դա ազդում է երեխաների աղիքային միկրոֆլորայի վրա: Միևնույն ժամանակ՝ գիտնականները կարծում են, որ ավելորդ քաշը կենցաղային քիմիական նյութերի չարաշահման միակ հնարավոր հետևանքներից չէ:

 

Գիտնականները տեղեկություններ են հավաքել 757 երեխայի մարմնի զանգվածային ինդեքսի և միկրոֆլորայի կազմի մասին, ինչպես նաև այն մասին, թե ինչ հաճախականությամբ են իրենց ընտանիքներն օգտագործում այս կամ այլ մաքրող միջոցները: Պարզվել է՝ այն ընտանիքներում, որտեղ հաճախ են օգտագործում կենցաղային քիմիական նյութեր, երեխաների մոտ պարբերաբար նկատվում են ավելի քիչ քանակի Haemophilus և Clostridium բակտերիաներ, իսկ Lachnospiraceae ընտանիքին պատկանող բակտերիաների քանակը, ընդհակառակը, ավելի շատ էր: Նման փոփոխությունները կարող են հանգեցնել ճարպակալման, իսկ երեք տարեկան հասակի շատ երեխաների մոտ այն իսկապես տարածված էր:

 

Փորձագետները նաև նկատել են, որ այն տներում, որտեղ ծնողները համեմատաբար «էկոլոգիապես մաքուր» մաքրող միջոցներ են կիրառել, երեխաները գիրությամբ ավելի հազվադեպ են տառապել: Սրանից ելնելով՝ փորձագետները հակված են այն մտքին, որ տարբերությունը կախված է ծնողների վարած կենսակերպից, իսկ նախասիրությունները կենցաղային քիմիայի ոլորտում համարվում են այս տարբերությունների անուղղակի նշաններից մեկը:

 

Փորձագետները չեն բացառում, որ մաքրող միջոցների չափից ավելի օգտագործումը կարող է ազդել ոչ միայն երեխաների քաշի, այլև այս կամ այլ ալերգիկ ռեակցիաների զարգացման հավանականության վրա:

 

Հետազոտությունը հրապարակվել է Canadian Medical Association Journal-ի գիտական հրատարակության մեջ:

Աղիքային միկրոֆլորան ունի հսկայական և երբեմն բավական անկանխատեսելի ազդեցություն մարդկանց վրա, որի ուղղությամբ վերջերս շատ հետազոտություններ են իրականացվում: Միևնույն ժամանակ՝ ենթադրվում է նաև, որ աղիներում առկա բակտերիաները կարող են ազդել մարդու տրամադրության և սթրեսի հանդեպ կայունության մակարդակի, ինչպես նաև որոշ հոգեկան հիվանդությունների, այդ թվում՝ դեպրեսիայի, և նույնիսկ՝ IQ-ի վրա:

Աղբյուրը՝ 168․am