ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արտակարգ իրավիճակների նախարարության որոշ գործառույթներ վերապահել Շրջակա միջավայրի նախարարությանը: Դրանք հիմնականում հիդրոմետ ծառայության գործառույթներն են:
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ հուլիսի 9-ի նիստում քվեարկությամբ:
Ինչպես արդեն նշել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, խոսքը վերաբերում է հիդրոմետ ծառայության գործառույթները՝ օդերևութաբանության և մթնոլորտային ակտիվ ներգործության գործառույթները Շրջակա միջավայրի նախարարությանը փոխանցելուն: Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները: Նախկինում որոշ գործառույթներ վերապահված էին Շրջակա միջավայրի նախարարությանը (նախկին բնապահպանության նախարարություն) որոշ գործառույթներ, մասնավորապես, անտառային մոնիտորինգի մասով՝ Գյուղատնտեսության նախարարությանը, որոշ գործառույթներ, հիդրոմետ ծառայության մասով՝ Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Հիմա այս երեք ՊՈԱԿ-ները միավորվում են, ինչի արդյունքում կստեղծվի Շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը տեխնիկական վերազինման և կարողությունների վերազինման արդյունքում ՀՀ քաղաքացիներին կտրամադրի շրջակա միջավայրի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն:
Ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված է հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտներում քաղաքականության մշակումն ու իրականացումը: Նախագծով առաջարկվում է բնապահպանության նախարարությանը վերապահել ԱԻՆ-ին վերապահված այդ գործառույթները:
Օրենքի նախագծին կողմ քվեարկեց 101 պատգամավոր, դեմ ձայներ չեղան: