ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատախազությունը բողոք է ներկայացրել վերաքննիչ դատարան: Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը' նշելով, որ բողոքը ներկայացվել է ամսվա սկզբին։

Նկատենք, որ Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները բողոքարկել էին քննիչի՝ իրենց պաշտպանյալների գույքի վրա կալանք դնելու որոշումը։ Թեև երկու անձանց վերաբերող գործերով էլ առաջին ատյանի դատարանը գտել էր՝ այդ որոշմամբ խախտվել է անձանց իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը, քանի որ գործն արդեն ՀՔԾ վարույթում չէր և գտնվում էր դատարանում։ Նշենք, որ գույքի վրա կալանք դնելու որոշման պահին Արմեն Գևորգյանը մեղադրվել էր միայն արդարադատության իրականացնմանը խոչընդոտելու, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ միայն սահմանադրական կարգի տապալման մեջ, սակայն նրանց մեղադրանքները հետագայում լրացվել էին:

Իրենց բողոքներում Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները նշել են, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու կամ սահմանադրական կարգ տապալելու հոդվածները չեն նախատեսում գույքի բռնագրավման կամ բռնագանձման լրացուցիչ սանկցիա, հետևաբար ՀՔԾ-ն չէր կարող նրանց մեղադրանք առաջադրելու պահին նրանց գույքի վրա կալանք դնել։ Դատախազությունն էլ նշում է, որ գույքի վրա կալանք կարող էր դրվել նաև հնարավոր դատական ծախսերն ապահովելու և օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք է դրվել մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի կողմից դեռևս 2018 թվականի օգոստոսի 21-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-ին հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք էր դրվել 2018 թվականի հուլիսի 30-ին։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով' ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ