Երեք տարի առաջ այս օրը՝ 2016թ․-ի հուլիսի 17-ին, «Հիմնադիր խորհրդարան» շարժման մի խումբ զինյալ անձանց կողմից գրավվեց Էրեբունու ոստիկանության գումարտակը։
Վաղ առավոտյան մի խումբ զինված անձինք «Կրազ» մեքենայով ջարդում են ոստիկանական գնդի դռները, մտնում, բոլորին վերցնում են հսկողության տակ։ ՊՊԾ տարածք մտածներն իրենց կոչում են «Սասնա ծռեր»:
Առավոտյան Հիմնադիր խորհրդարանը հայտարարում է, որ սկսել են զինված ապստամբություն, մտել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք, պատանդ վերցրել այնտեղ գտնվող յոթ ոստիկանի։ Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ և ապստամբության կազմակերպիչ Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ նրանք պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Պահանջում են նաև ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին, Գևորգ Սաֆարյանին, Շանթ Հարությունյանին և ընկերներին, Վոլոդյա Ավետիսյանին։
Կեսօրին հայտարարվում է, որ փոխհրաձգության ժամանակ վիրավորվել է Շենգավիթի ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ա. Հովհաննիսյանը։ Իսկ Վարուժան Ավետիսյանը գրում է, որ ապստամբության մասնակից Թաթուլ Սպարտակի Թամրազյանը նույնպես ծանր վիրավոր է։ Ինտերֆաքսը հաղորդում է նաև զոհի մասին։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մտնում է, որպեսզի բանակցի։ Հետո ԶԼՄ-ները հայտարարում են, որ նրան պատանդ են վերցրել: Վարուժան Ավետիսյանը հայտարարում է, որ Վլադիմիր Գասպարյանի տեղակալ գեներալ Վարդան Եղիազարյանը նույնպես իրենց մոտ է:
Ժամը 15.30-ի սահմաններում հայտարարվում է մահացած ոստիկանի ինքնությունը՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի փոխհրամանատար Արթուր Վանոյանը:
Հուլիսի 17-18-ի գիշերը խաղաղ է անցնում։ Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ տարված բանակցությունների արդյունքում ազատ են արձակվում պատանդներից երկուսը՝ մեկ ոստիկան և Շտապ Օգնության մեքենայի վարորդը։ Ըստ Պավլիկ Մանուկյանի' նրանց ազատ են արձակել որպես բարի կամքի դրսևորում:
Հուլիսի 20-ին միջադեպ է տեղի ունենում ոստիկանների և ցուցարարների միջև։ Ոստիկանները և ցուցարարները մահակներով, քարերով և շշերով հարվածում են միմյանց։ Ոստիկանությունը կիրառում է լուսաձայնային համակարգ և արցունքաբեր գազ։ Բախման արդյունքում վիրավորվում է 51 մարդ, որոնցից 27-ը ոստիկան, 24-ը քաղաքացիական անձ:
Հուլիսի 23-ին Վիտալի Բալասանյանի միջնորդությամբ տեղի ունեցող բանակցույթունների արդյունքում հանդիպում է տեղի ունենում ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի և զինված խմբի տղաների հետ։ Հանդիպման ընթացքում պայմանավորավածթյուն է ձեռք բերվում պատանդներից 2-ին տեղում ազատ արձակել, իսկ մնացած երկու պատանդների հանձնել մամուլի կետ ստեղծելուց հետո ՊՊԾ գնդի հարակից տարածքում:
Հուլիսի 24-ի գիշերը խումբը այրում է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերում փողոց: Հետո ապստամբները փողոց են հանում անվադող, փամփուշտներ լցնում դողի մեջ և նույնպես այրում։
Հուլիսի 25-ի երեկոյան «Սասնա ծռեր» խումբը այրում է գնդի ծառայողական «Շեվրոլե» ավտոբուսը և ևս մեկ ավտոմեքենա: Գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, միջադեպ է տեղի ունենում զինված ապսամբների և ոստիկանության միջև, որի արդյունքում վիրավորվում են զինված խմբի երկու անդամները՝ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը։ Ապստամբերի համաձայնությամբ նրանք տեղափոխվում են Էրեբունի բժշկական կենտրոն։ Հուլիսի 26-ին՝ առավոտյան ժամը 7-ին, մի քաղաքացի (Արթուր Սարգսյան), իր անձնական մեքենայով, որը բեռնված էր սնունդով, մուտք է գործում ՊՊԾ գնդի տարածք, ոստիկանները կրակելով փորձում են կասեցնել մեքենան, սակայն դա անել չի հաջողվում։
Հուլիսի 26-ի գիշերը ոստիկանության և զինված խմբի մեջ նոր բախում տեղի ունեցավ։ Ոստիկանության հարձակման արդյունքում սկսվել է հրաձգություն, որի արդյունքում վիրավորվեցին խմբի 4 անդամ և մեկ ոստիկան։ Խմբի անդամներից վիրավորվել են Պավլիկ Մանուկյանը և նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ովքեր անմիջապես տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Նույն գիշերը ոստիկանները բերման էին ենթարկում Խորենացի փողոցում խմբին աջակցող ցուցարարներին։
Հուլիսի 29-ին դիպուկահարկի կրակոցից վիրավորվել է Արայիկ Խանդոյանը։
Հուլիսի 29-ին Ազատության հրապարակից մեկնարկեց երթ դեպի Խորենացի փողոց, սակայն, երթը, հասնելով Նար-Դոսի փողոց, թեքվեց դեպի Սարի Թաղ։ Ցուցարարները հավաքվեցին Սարի Թաղի ոլորանների մոտ, որտեղ մնալով կես ժամ, ոստիկանությունը հորդորեց նրանց հեռանալ և 5 րոպե ժամանակ տվեց։ Երթի կազմակերպիչները ոստիկանությանը զգուշացրին, որ նրանց մեջ սադրիչներ են հայտնվել։ Չանցած մի քանի րոպե՝ ոստիկանությունը և քաղաքացիական հագուսով անձինք հարձակվեցին ցուցարաների վրա՝ մահակներով ծեծելով նրանց, իսկ ոստիկանությունը կիրառեց լուսաձայնային և գազային համակարգեր։ Սարի Թաղում այդ պահին հրդեհ բռնկվեց, որից տուժեց մեկ բնակարան և մեկ մեքենա։ Քիչ անց հայտնի դարձավ, որ մայրաքաղաքի բուժհաստատություններ են դիմել 60 քաղաքացի տարբեր մարմնական վնասվածքներով։ Վիրավորներից 16-ամյա տղայի աչքը հեռացրել են։ Ոստիկանության և քաղաքացիական անձանց հարձակման թիրախը սկզբում լրագրողներն էին։ Ծեծի ենթարկվեցին Ազատություն Ռադիոկայանի և մի շարք լրատամիջոցների ներկայացուցիչներ։
Հուլիսի 31-ին զինված խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանը հայտարարեց զենքերը վայր դնելու մասին և որպես ռազմագերի իշխանություններին հանձնվելու մասին։ Ժամը 20-ից սկսեց նրանց հանձնվելու գործողությունը, որի միջնորդ կողմ էր Վիտալի Բալասանյանը: Քիչ անց ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց և զինված խմբի անդամներին որակեց «Ահաբեկիչ» և գործողությունը անվանեց հակաահաբեկչական։ ԱԱԾ-ի հայտարարությունը քննադատությունների արժանացավ սոցիալական ցանցերում։
Նշենք, որ զինված հարձակման հետևանքով երեք ոստիկան զոհվեց։ Նրանք էին՝ գնդապետ Արթուր Վանոյան, ոստիկան Յուրի Տեփանոսյանը և Գագիկ Մկրտչյանը։