Նախկին զինվորական Ցոլակ Խաչատրյանը արդեն 11 օր է՝ հացադուլ է անում Կառավարության շենքի դիմաց։ 2014 թ.-ից զինվորական ծառայությունից ազատված մայորը պահանջում է, որ Պաշտպանության նախարարությունն իրեն վճարի շաբաթ օրերին կատարած աշխատանքի համար, ինչպես նաև չօգտագործած արձակուրդի համար չվճարված գումարները տրամադրի: Վերջինի դեպքում գումարը կազմում է ավելի քան 10.000.000 դրամ։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նախկին զինվորականն ասաց, որ և՛ կառավարությունից, և՛ Պաշտպանության նախարարությունից հանդիպել են իրեն և ասել, որ Խաչատրյանի պահանջները լուծման փուլում են, սակայն դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Իր խոսքում՝ նախկին մայորը նշում է, որ դրանք միայն թեորիապես են լուծվում, այդ իսկ պատճառով ինքը հացադուլը կդադարեցնի միայն իր պահանջների վերջնական լուծումից հետո։

«Արդեն 11 օր է՝ հացադուլ եմ անում, իմ առողջական վիճակը գնալով վատանում է։ Անգամ բժիշկները խորհուրդ են տալիս, որ դադարեցնեմ հացադուլը, բայց ես առաջնորդվում եմ իմ ուղով։ Բժիշկները առաջարկեցին ինձ ներարկում անել, բայց հրաժարվեցի, որովհետև դրա փոխարեն կարող էի տանը նստել ու հաց ուտել։ Այստեղ նաև ինքնասիրության հարց է, չեմ կարող թույլ տալ, որ ինձ «քցեն»»,- ասաց Խաչատրյանը։

Նախկին զինվորականը չօգտագործած արձակուրդի համար չստացած գումարը ստանալու համար դիմել էր դատարան, հաղթել առաջին ատյանում (հայցը բավարարվել էր մասնակի), սակայն ՊՆ-ն բողոքարկել էր դատական ակտը: Այժմ արձակուրդի վճարի համար առաջին ատյանի վճռի դեմ ՊՆ-ի բողոքը քննվում է Վարչական վերաքննիչ դատարանում: Բացի դա, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Ցոլակ Խաչատրյանի դիմումի հիման վրա սկսած գործընթացի արդյունքում 2019 թ.-ի մարտ ամսին որոշել է, որ խախտվել է նախկին զինծառայողի իրավունքները, այդ թվում՝ շաբաթ օրերին աշխատելու և վարձատրություն չստանալու մասով:

ՄԻՊ-ի որոշումն ուղարկվել է և՛ ՊՆ-ին, և՛ Ցոլակ Խաչատրյանին, սակայն մինչ օրս Խաչատրյանի խախտված իրավունքները չեն վերականգնվել: