Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 17-ին կայացվել են ազատազրկման դատավճիռներ: Այս կապակցությամբ Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Հրանտ Դինքի գործով դատապարտվածները սպանության առաջամարտիկներն են: Որպես Հրանտի ընկերներ՝ 12 տարի է, ինչ ասում ենք «Թող պատժվեն նրանք, ովքեր ասել են՝ սպանիր»: Սակայն նրանք 12 տարի է պաշտպանվում են: Հրանտ Դինքի սպանության գործը չի փակվելու այնքան ժամանակ, մինչև չցանկանանք»:

Հրանտ Դինքի սպանության գործով հուլիսի 17-ին դատարանի վճռով ազատազրկման են դատապարտվել սպանության գլխավոր կազմակերպիչներ Էրհան Թունջելը, Յասին Հայալը, սպանությունը իրականացնող Օգյուն Սամասթը և ևս 6 կասկածյալ: Նրանք մեղադրվում են Դինքի սպանությունը կազմակերպելու գործում մասնակցություն ունենալու և աջակցություն ցուցաբերելու մեջ:

Էրհան Թունջելը դատապարտվել է 99 տարի 6 ամիս ազատազրկման, Յասին Հայալը՝ 7 տարի 6 ամիս, իսկ Օգյուն Սամասթը, որը Դինքի սպանության համար նախկինում դատապարտվել էր 22 տարի 10 ամիս ազատազրկման, ստացավ ևս 2 տարի 6 ամիս՝ զինված խմբավորմանն անդամակցելու համար: