Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել կասեցնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները։ Հրայր Թովմասյանը կարծես թե ընտրել է ստեղծված իրավիճակից դուրս գալու լավագույն տարբերակը՝ գլուխը գոնե միառժամանակ Քոչարյանի գործից ազատելով: Ուշագրավ է նաև, որ ՍԴ այս որոշումը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի կոշտ հարցազրույցին և միանշանակ Հրայր Թովմասյանի նման որոշումը կարելի է դիտարկել իբրև համարժեք պատասխան վարչապետի սպառնալիքներին: Սակայն ո՞վ է իրականում շահելու Քոչարյանի գործը ՄԻԵԴ ուղարկելուց: Եթե մինչ ՄԵԻԴ որոշումը Նիկոլ Փաշինյանը հաջողի դատական ռեֆորմ իրականացնել, ապա կարելի է ասել, որ Հրայր Թովմասյանին կհաջողվի փոքր արյունով դուրս գալ իրավիճակից՝ իր անունը չկապելով Քոչարյանի գործի հետ: Եթե Փաշինյանին դա չհաջողվի, ապա Հրայր Թովմասյանի ձեռքում Քոչարյանի գործը դառնալու է լուրջ խաղաքարտ՝ էականորեն ընդլայնելով մանևրելու հնարավորությունը»:
Կա իհարկե հարցի մյուս կողմը. Եթե տեսականորեն ընդունենք այն հնարավորությունը, որ 300.1-րդ հոդվածն ունի սահմանադրականության որոշակի խնդիր, ապա Հրայր Թովմասյանն ու ՍԴ մյուս անդամներն անգնահատելի ծառայություն են մատուցում Ռոբերտ Քոչարյանին՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով միջազգային դատարանների մակարդակով ապալեգիտիմացնել Մարտի 1-ի գործով ընթացող գործընթացը։ Եթե ՄԻԵԴ-ը վերոնշյալ հոդվածը համարի սահմանադրությանը համապատասխանող, ապա խնդիրներ ունենալու է արդեն Փաշինյանը, քանի որ երկրորդ նախագահի աջակիցները դժվար թե հաշտվեն ՄԻԵԴ որոշման հետ, և ակնհայտ է , որ նրանց պայքարը շարունակվելու է՝ լարվածության նոր օջախներ ստեղծելով Փաշինյանի համար:
Իհարկե, կա մեկ տարբերակ ևս, որ Քոչարյանի գործը ՄԻԵԴ ուղարկելը ամբողջությամբ համաձայնեցված էր իշխանությունների հետ: Դատեք ինքներդ. ՄԻԵԴ վճիռը ի օգուտ Քոչարյանի կարող է միանգամից ազատել Փաշինյանին այս ջուր գործից…