ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանը Հայաստանի պետական սահմանը հատել է «Սարգսյան» ազգանունով։

Այս մասին հուլիսի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը' պատասխանելով Նարեկ Սարգսյանի՝ Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր ձեռք բերելու մասին հարցին:

«Նա, գտնվելով Հայաստանում, սահմանային անցակետերը հատել է որպես «Սարգսյան»: Թե հետագայում ինչպես է Գոնսալես դարձել, չեմ կարող ասել, մինչև նախաքննությունը կավարտվի, կամ տվյալ երկրի իրավապահները, երևի, կպարզեն», - ասաց Օսիպյանը:

Անդրադառնալով նրա՝ Հայաստանին արտահանձնման հարցին՝ Վալերիյ Օսիպյանը նշեց, որ այդ խնդիրը դուրս է ոստիկանության գործառույթներից, և դրանով զբաղվում են պետական այլ մարմիններ:

Նարեկ Սարգսյանը ձերբակալվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Փաստաթղթերի ստուգման ժամանակ նա ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալես անունով: 2018 թվականի հունիսի 26-ին հարուցվել էր քրեական գործ՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով, կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով: