Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը արդեն 9 ամիս է, ինչ ստանձնել է իր պարտականությունները, սակայն առանձակի ակտիվությամբ քաղաքագլուխը աչքի չի ընկնում: Վերջինս նախընտրական արշավի ժամանակ խոստանում էր Էջմիածինը վերադարձնել էջմիածինցիներին: Շատ գովելի նախաձեռնություն է, իհարկե, որը սակայն տապալվել է, և դրա մասին են վկայում Գասպարյանի ղեկավարման դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաները, պահանջն էլ մեկն է՝ քաղաքապետի հրաժարականը: Ասել է, թե էջմիածինցիները դեռևս իրենց՝ իրենց քաղաքի տերը չեն զգում:
 
9 ամիսների ընթացքում Գասպարյանը հաջողացրել է քաղաքապետարանում կադրային ջարդ սարքել, ներքաշվել մի քանի դատական գործերի մեջ, հաջողացրել է անգամ հանրությանը թարմ սելֆիներ հրամցնել՝ հետ չմնալով թիմակիցներից և համընդհանուր թրենդից: Ինչը քաղաքապետը չի հաջողացրել, դա ներդրումներ ներգրավելն է: Ավելին, քաղաքապետի որոշ կոչեր, և ընդհանրապես նրա վարքագիծը միանշանակ չեն ընդունվել բիզնեսի կողմից. շատ եվրոպայաբնակ գործարարներ, ովքեր նախկինում էին համագործակցում Էջմիածնի իշխանությունների հետ, նրանք, ովքեր հեղափոխությունից հետո էին որոշել օգնել քաղաքին կամ որևէ բիզնես նախաձեռնություն սկսել այնտեղ, այսօր արդեն հետ են կանգնում այդ մտքից: Քաղաքում այն կարգի «բեսպրեդել» է, որ կարող են օրը ցերեկով գնդակահարել անմեղ շների, կարող են քաղաքապետարանի հետ չհամաձայնեցված միջոցառումներ իրականացնել, օրինակ՝ հունիսմեկյան տոնակատարությունը, որը շատերն են հիշում, կոյուղաջրերը կարող են լցվել փողոցներ և տասնյակ տներ, իսկ այդ ընթացքում քաղաքապետը բացարձակ պարապուրդի է մատնված և իրադարձություններին, չգիտես ինչու, արձագանքում է պոստֆակտում: Բարեկամ Ֆրանսիայից նվեր ստացած ավտոբուսները ռասկրուտկա անելը ևս չի վրիպել մեր աչքից, որքան էլ դա փորձեն ներկայացնել իբրև քաղաքապետի թափած անմարդկային ջանքերի արդյունք, հասկանալի է, որ ավտոբուսների պարկի համալրումը ընդամենը Ֆրանսիայի քաղաքային իշխանությունների բարի կամքի դրսևորում էին:
 
Մեկ ուշագրավ նկատառում ևս՝ պատեհ և անպատեհ առիթներով օրենքից խոսացող քաղաքապետը, քաղաքապետը, ով նախկիններին վերագրում է բոլոր հնարավոր և անհնարին օրինախախտումները, չգիտես ինչու, ինքն էլ է բռնել վերջիններիս «մութ ճամփան»՝ ժամանակ չունի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին սեփական հայտարարագիրը ներկայացնելու համար: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էլէկտրոնային հայտարարագրերի ռեեստրի տվյալների ուսումնասիրության արդյունքներով պարզվել էր, որ Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018թ. տարեկան հայտարարագիրը հանձնված և հրապարակված հայտարարագրերի ցանկում առկա չէ: Այնինչ Գասպարյանը պարտավոր էր հայտարարագիրը ներկայացնել մինչև մայիսի 31-ը:  Հանձնաժողովը որոշել է տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար Դիանա Գասպարյանի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» վարչական տույժ: Եվ միայն դրանից հետո է քաղաքապետը հասկացել, որ օրենքի տառին և ոգուն հետևելու հարցում արտոնյալներ չկան: