
«Բնօրրան» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, որոնք երկար տարիներ իրարամերժ կարծիքներ են ունեցել Քարահունջ պատմամշակութային արգելոցի վերաբերյալ, համաձայնագիր են ստորագրել` որոշելով համատեղել ուժերը և պարզել Քարահունջն իրականում աստղադիտարա՞ն է, թե՞ հնավայր, բնակավայր, որն ունի դամբարանի կարգավիճակ:
Այս մասին կողմերը հայտնեցին հուլիսի 30-ին լրագրողների հետ հանդիպմանը:
«Բնօրրան»-ի խորհրդի անդամ Արևիկ Սարգսյանը, ներկայացնելով երկու կողմերի տարբեր մոտեցումները, մանրամասնեց. «Մեր կարծիքով, Քարահունջը, որտեղ կան 200-ից ավելի քարեր, որոնցից ութսունն անցքեր ունեն, հնագույն աստղադիտարան է, որն ուսումնասիրել, հետազոտել է Պարիս Հերունին, իսկ մինչ նա նման կարծիքներ են հայտնել այլ մասնագետներ: Մյուս տեսակետի համաձայն, Քարահունջը աստղադիտարան չէ: Այն ընդամենը հնավայր, բնակավայր է, որը դամբարանի կարգավիճակ ունի»,- պատմեց նա:
Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի և Քարահունջ պատմամշակութային արգելոցի հնավայրում պեղումներ իրականացնող հնագիտական արշավախմբի ղեկավար Աշոտ Փիլիպոսյանի` պեղումների արդյունքում այնտեղ աստղադիտական որևէ գործիք չի գտնվել, քարերի մի մասը անցքեր ունեն նաև ներքևի հատվածում, ուստի դրանք ուղղված չեն աստղերին:
Փիլիպոսյանը շեշտեց, որ հուշարձանը եզակի է Անդրկովկասում: «Այն ուսումնասիրության կարիք ունի բոլոր առումներով: Մեր համաձայնագրի ստորագրման ժամանակ շատ հարցեր ենք քննարկել, նույնիսկ մտածել ենք այն մասին, որ գուցե ապագայում հնարավոր լինի հուշարձանի մոտ կառուցել թանգարան և այն բոլոր նյութերը, որոնք կան հնավայրի վերաբերյալ, ներկայացնել այնտեղ»,- եզրափակեց նա:
Երկու կողմերի համաձայնությամբ՝ Քարահունջում դադարեցվել են պեղումները, որպեսզի աստղագետների, հնաստղագետների, հնագետների, բնագետների, երկրաբանների, ծիսագետների, տոմարագետների, ազգագրագետների և այլ մասնագետների հետ համատեղ գիտաժողով անցկացվի, հետազոտություններ իրականացվեն, մշակվի ծրագիր և դրա շուրջ ծավալվի աշխատանք, որը, ի վերջո, ընդհանրական եզրակացության կբերի կողմերին:








