Հերթական երեխան է տուժել ազգականի համբույրի պատճառով. անգլիական Փրեսթվիչ քաղաքից (Մեծ Մանչեսթեր կոմսություն) Բեյլի Գրեյը քիչ էր մնում տեսողությունից զրկվեր հերպեսի պատճառով, որով վարակվել էր:
Տղայի մոր՝ 22-ամյա Հեյլի Էթերիջի խոսքով, որդին սկսել է արագ հոգնել, իսկ նրա դեմքին ցան է հայտնվել: Անհանգստացած մայրը նրան հիվանդանոց է տարել, որտեղ երեխայի մոտ սովորական հերպեսի վիրուս են հայտնաբերել, որը սովորաբար փոխանցվում է վարակված մարդու համբույրի միջոցով: Բժիշկները զգուշացրել են, որ եթե վարակը տարածվի նաեւ աչքերի վրա, ապա երեխան կարող է տեսողությունից զրկվել:
«Ես պատկերացում չունեի, որ շրթունքների սովորական տենդը կարող է որդուս համար այդքան վտանգավոր լինել»,- խոստովանել է կինը:
Ավելին՝ Հեյլին այդ պահին երկրորդ երեխայով էր հղի ու սարսափահար է եղել՝ տեղեկանալով, որ նույնպես կարող է վարակվել, եւ վիրուսը կարող է վնաս հասցնել նույնիսկ դեռեւս չծնված երեխային. հերպեսի վիրուսը կարող է վնասել պտղի գլխուղեղը եւ անգամ մահվան ելքի հանգեցնել:
Հղիության մնացյալ ժամկետի ընթացքում Հեյլին եղել է բժիշկների հսկողության ներքո, քանի որ բժիշկները երկար ժամանակ չէին կարողանում որոշել՝ վիրուսն արդյոք փոխանցվե՞լ է նրա չծնված երեխային:
Որոշ ժամանակ անց Բեյլի-Գրեյը սկսել է առողջանալ, իսկ նրա եղբայրն առողջ է ծնվել: Հիմա նա արդեն 2 տարեկան է:
NEWS.am Medicine