Սանիթեքի երկար սպասված ասուլիսի ընթացքում ընկերության համահիմնադիր Նիկոլաս Էլ Թավիլը հայտարարել է, որ Սանիթեքը» տևական ժամանակ է՝ ենթարկվում է ճնշումների։ Այդ ճնշումներից մեկն այն քրգործն է, որ հարուցվել է «Սանիթեքի» դեմ 2019 թվականի փետրվարին: Նրա խոսքով՝ քրեական գործն անօրօինական է և անհիմն, որը, քաղաքական դրդապատճառներից ելնելով, քաղաքապետարանի կողմից հետապնդում է մեկ նպատակ՝ սպառել «Սանիթեքի» ռեսուրսները՝ էքսպոպրիացիայի ենթարկելով ընկերությանն ու դուրս մղելով նրան շուկայից։ Ստացվում է, որ օտարերկրյա ներդրումների մասին օրենքը ընկերության վրա չեն կիրառում, և քրեական գործ հարուցելու որևէ հիմնավորում ՊԵԿ-ը չի ներկայացրել: Արդյունքում, ընկերությանը մեղադրում են 280-290 մլն դրամ հարկեր չվճարելու մասին: Սա շատ նման է ՊԵԿ-ի՝ վերջին շրջանում որդեգրած ռեկետի ձեռագրին: Մոտավորապես նույն իրավիճակն էր Սպայկա ընկերության դեպքում: Այսօր արդեն հերթը հասել է Սանիթեքին, և եթե այսպես շարունակվի, մասնավոր ներդրողները պարզապես կհեռանան Հայաստանից՝ հասկանալով, թե գործունեության ինչպիսի բարվոք պայմաններ են իրենց համար ստեղծում պատկան մարմինները:
Պարզվել է նաև, որ Սանիթեքը Հայկ Մարությանի հետ տարբեր հանդիպումների ժամանակ առաջարկել է կազմել արձանագրություններ, ինչին ի պատասխան ասել են` քաղաքապետի խոսքն ավելի կարևոր է: Ի դեպ, ըստ Սանիթեքի` քաղաքապետարանը խոստացել է աղբամաններ գնելու մրցույթ հայտարարել, վերջին պահին Մարությանն ասել է, թե իրավական խնդիր ունեն, չեն կարող` փաստի առաջ կանգնեցնելով Սանիթեքին: Այսինքն՝ եթե Սանիթեքի ներկայացուցիչների խոսքերը համապատասխանում են իրականությանը, ապա սա կազմակերպված սաբոտաժ է քաղաքապետարանի կողմից:
Ինչպես նախկինում, այսօր էլ կարող ենք առաջ քաշել մի վարկած, որի համաձայն՝ քաղաքապետը պարզապես ցանկանում է Սանիթեքի բիզնեսը հանձնել յուրայիններից մեկին, այն էլ չի ստացվում: Ավելին, աղբի խնդիրը դժվար թե լուծվի, իսկ քաղաքապետարանի՝ դատարանի առջև կանգնելու հավանականությունը ավելի քան մեծ է: Եթե Սանիթեքը դիմի արբիտրաժային դատարան, այդտեղ դժվար թե պատասխանեն, որ քաղաքապետի խոսքը ավելի կարևոր է, և մնալու է հուսալ, որ տուգանքները Մարությանը կվճարի իր պարգևավճարների, ոչ թե ավանդույթի համաձայն՝ երևանցիների գրպանի հաշվին….