Օգոստոսի 3-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի և մարզային ստորաբաժանումների ղեկավարներ:
Վերլուծելով հանրապետության օպերատիվ իրավիճակը, Վալերիյ Օսիպյանը առանձնահատուկ անդրադարձավ մարդու կյանքի, առողջության, ինչպես և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման միջոցառումներին: Մարզային վարչությունների և Ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ցուցում տրվեց, հատակապես հանգստի գոտիներում, ժամանցի վայրերում, այդ թվում և մայրաքաղաքից մարզեր տանող ավտոճանապարհներին ուժեղացնել ծառայությունը: Ոստիկանության պետը ընդգծեց, որ իրավախախտների նկատմամբ անհրաժեշտ է լինել խիստ և սկզբունքային: Անդրադառնալով ծառայության արդյունավետության բարձրացման խնդրին` ոստիկանության պետը նշեց, որ դրա հիմքում պետք է դրվի աշխատանքային ու կատարողական կարգապահության հետևողական բարելավումը, խստապահանջ մոտեցումը կադրերի ընտրությանն ու գործառնությանը: Վալերիյ Օսիպյանը բացահայտումների արդյունավետության բարձրացման համատեքստում խոսեց նախկինում կատարված հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների ակտիվացման կարևորության, նաև կանխարգելիչ միջոցառումների մասին:
Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ և հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին: