Նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի գույքի քանակը վերջին չորս տարում ավելացել է 17-ով։
Մամուլում երկար տարիներ խոսվել է, որ նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանին պատկանող բազմաթիվ շարժական և անշարժ գույք, ընկերություններ գրանցված են նրա մերձավորների, բարեկամների և աշխատողների անուններով։
Դեռևս 2014-ին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին, թե ինչպե՞ս է նա հարստացել, Աբրահամյանը պատասխանել էր. «Ես դա իրոք աշխատել եմ այն տարիների ընթացքում, երբ որ աշխատել եմ, հողագործությամբ եմ զբաղվել այն ժամանակ, երբ որ դա թույլատրվել է»։
Հատկանշական է, որ Աբրահամյանը 1995-2016 թվականներին՝ 21 տարի, զբաղեցրել է պետական պաշտոններ՝ քաղաքապետ, պատգամավոր, մարզպետ, նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ և վարչապետ։
Աբրահամյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2016-ի սեպտեմբերի 8-ին՝ վարչապետի պաշտոնը դադարեցնելու առթիվ։ Այն ժամանակ նա հայտարարագրել էր երեք բնակարան և մեկ ավտոտնակ, ինչպես նաև խոշոր չափերի գումար՝ 160 մլն դրամ և 1.5 մլն դոլար։
Սակայն վերջին չորս տարում պաշտոնաթող վարչապետը նոր բնակարաններ ու հողատարածքներ է ձեռք բերել, և հատկանշական է, որ դրանք գնել է իր մերձավոր հարազատներից։
Աբրահամյանի նոր գույքը
Կադաստրի պետական կոմիտեից Fip.am-ին տրամադրած փաստաթղթերից պարզ է դառնում, որ Աբրահամյանի անունով ներկայում գրանցված է 21 միավոր գույք, այսինքն՝ ավելի քան հինգ անգամ ավել։ Ամբողջական ցանկը ներկայացնում ենք ստորև։
Փաստորեն, միայն հայրենի Մխչյան գյուղում Աբրահամյանը ձեռք է բերել 12 գյուղատնտեսական նշանակության հողատարածք։ Ուսումնասիրելով կադաստրային փաստաթղթերը՝ պարզ դարձավ, որ Հովիկ Աբրահամյանը 2018 թվականին նոր տարածքներ է ձեռք բերել նաև Կոտայքի մարզի Ծաղկաձոր և Արզական համայնքներում։
Ներկայում Ծաղկաձորում Աբրահամյանին պատկանող երկու հողամաս կա՝ ընդհանուր առմամբ 1.592 հեկտար մակերեսով։ Դրանք են Անտառային 1-ին թաղամասի թիվ 3 և 4 հասցեներում գտնվող հողամասերը։
Այս երկու հողատարածքները 2009 թ․-ից պատկանում էին Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին, որը դրանք ձեռք էր բերել, համապատասխանաբար, 10 և 1 մլն դրամով։ Սակայն 2018 թ. ապրիլի 6-ին Աբրահամյանը գնել է այդ երկու հողատարածքները՝ որդուն վճարելով, համապատասխանաբար, 44 և 3.2 մլն դրամ։
Ըստ կադաստրային փաստաթղթերի, այս հողատարածքները գտնվում են Ծաղկաձորի հատուկ պահպանող տարածքում։ Այստեղ առկա է երկու հանգստի տուն՝ 395 քմ և 250 քմ մակերեսով։ Ի սկզբանե սրանք եղել են ինքնակամ շինություններ և օրինականացվել են Հովիկ Աբրահամյանի կողմից՝ 2018-ի հուլիսին և 2019-ի հունվարին։ Օրինականացման համար նախկին վարչապետը պետությանը վճարել է 2.06 մլն և 1.3 մլն դրամ։
Արզականում Հովիկ Աբրահամյանին է պատկանում մեկ հողամաս՝ 0.331 հա մակերեսով, որի վրա կառուցված է երկու քոթեջ՝ 28.1 և 32.7 քմ մակերեսով։ Այս հողամասը և քոթեջները Հովիկ Աբրահամյանը ևս գնել է որդուց՝ Արգամից, կրկին 2018-ի ապրիլի 6-ին՝ վճարելով 5.2 մլն դրամ։ Արգամ Աբրահամյանը դրանք ձեռք էր բերել դեռ 2005-ի հուլիսին՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 մլն դրամ։
Փաստորեն, վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Հովիկ Աբրահամյանը որոշել է «հետ վերցնել» իր գույքը մերձավորներից, այս դեպքում՝ որդուց։ Հատկանշական է, որ Արգամ Աբրահամյանն այդ հողատարածքները ձեռք էր բերել 19 և 23 տարեկան հասակում, երբ նրա հայրը բարձրաստիճան պաշտոնյա էր։
Աղբյուրը՝ fip.am