Մամուլում այսօր տեղեկություն էր տարածվել, որ օգոստոսի 9-ին նախատեսվում է Երևանի ավագանու արտահերթ նիստ հրավիրել, որի ընթացքում էլ նախատեսվում է 1.7 միլիարդ դրամով ավելացնել աղբահանության ծախսային հոդվածը։ Ընդ որում, ըստ նույն մամուլի տեղեկությունների՝ այդ գումարից 91 միլիոն դրամը նախատեսվում է հանել մանկապարտեզների վերանորոգմանը հատկացված բյուջեից։

 

Հիշում եք չէ՞,որ մանկապարտեզների վերանորոգման գումարները, ըստ քաղաքապետարանի, հավաքվում էին կարմիր գծերի շնորհիվ, դա թերևս միակ հիմնավորումն էր, որով քաղաքապետ Մարությանը փորձել էր բացատրել, թե ինչու է «թռնում» կարմիր գծերը վերացնելու իր նախընտրական խոստումից: Այժմ ստացվում է, որ կամիր գծերից ստացված գումարները կուղղվեն ոչ թե մանկապարտեզների վերանորոգմանը (ոչինչ, որ մեր երեխաներն օրվա կեսն անցկացնեն սովետական հին ու խարխուլ շինություններում), այլ կօգնեն քաղաքապետարանին լուծել աղբահանության հարցը: Սակայն կօգնե՞ն արդյոք. սա է հարցը: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ 2018 թվականի՝ նախկին իշխանությունների կողմից աղբահանության համար նախատեսված գումարը եղել է 5.6 միլիարդ դրամ, այս տարվանը՝ է 7.6 միլիարդ, այսինքն՝ նախորդ տարվանից 2 միլիարդ դրամով ավելի։

Եվ հիմա, փաստորեն, այդ 2 միլիարդ ավելի գումարին քաղաքապետ Հայկ Մարությանը ցանկանում է ավելացնել ևս 1.7 միլիարդ դրամ գումար։ Հետաքրքիր է, ի՞նչ հարց է պատրաստվում լուծել Մարությանը՝ ընդամենը 1.7 միլիարդ հավելյալ դրամ հատկացնելով, և ինչո՞ւ այդ հատկացումը չի անում օրինակ ճոխ պարգևատրումների հաշվին: Ինչպե՞ս է ստացվել, որ օրինակ նույն Տարոն Մարգարյանը կարողանում էր ավելի քիչ բյուջեով քիչ թե շատ պատշաճ վիճակում պահել աղբահանությունը մայրաքաղաքում, իսկ ահա Հայկ Մարությանը ստիպված է խնդրի լուծման տարբերակներ փնտրելիս դիմել բյուջեի վերաբաշխման: Գուցե ճի՞շտ էին Մարությանի և «Իմ քայլի» այն ընդդիմախոսները, ովքեր դեռևս բյուջեն հաստատելիս էին մատնանաշում դրա թերությունները, անարդյունավետությունը և ոչ պրոֆեսիոնալ կազմված լինելու հանգամանքը…