Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են: Թատրոնի արձակուրդի ընթացքում նորոգվել է մեծ դահլիճը. փոխվել է հնամաշ գորգածածկը, վերանորոգվել՝ աթոռները:
Անվտանգությունից ելնելով՝ կատարվել է նաև դահլիճի աթոռների դասավորության փոփոխություն. այսուհետ թատրոնը կունենա պարտեր, այնուհետև անցում ու ամֆիթատրոն, նմանատիպ բաժանում մինչ այս չի եղել: Վերանորոգումը կատարվել է թատրոնի սեփական միջոցներով: Մինչ սեպտեմբերի 20-ը՝ 154-րդ թատերաշրջանի բացումը թատրոնում վերջին շտկումներն են իրականացվում: Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաև թատրոնի փոքր բեմում, ճեմասրահում:
Թատրոնը միայն թարմ տեսքով չէ, որ պատրաստվում է թատերաշրջանին։ Ստեղծագործական գործընթացը ևս հագեցած է նորություններով։ Հանդիսատեսի դատին կհանձնվի Նիկոլայ Ծատուրյանի «Թռիչքը» այլաբանությունը: «Թատերաշրջանի բացման օրը անակնկալ է սպասում հանդիսատեսին ոչ միայն թատրոնում, այլև թատրոնից դուրս՝ «Թատերական» հրապարակում։ Սակայն դրա մասին չենք խոսի՝ անանկալն իրական լինելու համար»,- ասաց թատրոնի մենեջեր Նվարդ Ղազարյանը:
Լիովին փոփոխված այս թատերաշրջանում հանդիսատեսին կներկայացվի Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը՝ նոր դերակատարներով ու նոր խորեոգրաֆիկ լուծումներով:
Հոկտեմբերին արդեն փոքր հանդիսատեսի համար կցուցադրվի նոր մանկական ներկայացում՝ «Բուրատինոյի արկածները»: Արդեն մեկ տարի է թատրոնը համագործակցում է Լիբանանի Համազգայինի «Գասպար Իփեկյան» թատերախմբի հետ:
Այս տարի թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանի հրավերով Գյումրու դրամատիկականում բեմադրություն կանի այդ թատերախմբի ռեժիսոր Հակոբ Տեր-Ղուկասյանը, որը կիրականացնի Արա Արծրունու «Բարի լույս, պարոն Մաթեոս» պիեսի բեմադրությունը: Այն կհնչի ինչպես արևմտահայերն, այնպես էլ արևելահայերն: Այս պիեսի առաջնախաղը տեղի կունենա հոկտեմբերին:
Խաղացանկ կվերադարձվեն նաև «Սիրո քասթինգ», «Փարիզը վտանգավոր քաղաք է» երեկոյան և մանկական «Երեք խոզուկները» ցերեկային ներկայացումները: Փոքրիկ հանդիսատեսի համար կցուցադրվի նաև «Փանոսի արկածները»: Այս ամենից բացի, ընթանում են այլ ներկայացումների փորձեր ևս, սակայն դրանք կլինեն հոկտեմբեր-նոյեմբերին:
Ամանորի ներկայացումները նույնպես կուրախացնեն փոքրիկներին ու մեծահասակներին: