Բրիտանիայից 29-ամյա Թոնի Ուիլլոուբին Facebook-ում սարսափելի լուսանկար է հրապարակել, որում երևում են նրա դեմքին կեղանքով պատված վերքերը: Թոնին մաշկի քաղցկեղ ունի, որը զարգացել է սոլյարի այցելլու հետևանքով: Այժմ նա վախենում է մահանալ՝ իր 2-ամյա դստերը որբ թողնելով:
The Sun-ին տված հարցազրույցում Թոնին բոլոր օգտատերերին կոչ է արել արևապաշտպան քսուք օգտագործել և խուսափել սոլյարիից, քանի որ արևայրուքը կարող է ոչ միայն փչացնել արտաքինը, այլև քաղցկեղի պատճառով հանգեցնել մահվան:
24-ամյա բուժքույր Ջեյդ Թրեշերն իր հերթին պատմել է, որ սկսել է սոլյարի այցելել, երբ 13 տարեկան էր: 2014-ին կնոջ քթին բիծ էր հայտնվել, որը շատ ցավոտ էր և աստիճանաբար մեծանում էր: Պարզվել էր, որ բիծը քաղկեղային ուռուցք է: Բժիշկները ժամանակին հեռացրել էին ուռուցքը և քիմիաթերապիայի և ռադիոթերապիայի տեսքով լրացուցիչ բուժում նրան չէր պահանջվել: Սակայն վիրահատությունից հետո նրա քթին փոքր անցք էր մնացել, որը ստիպված էին պլաստիկ վիրաբույժները փակել:
Բուժքույրը հույս ունի, որ իր պատմության շնորհիվ դեռահասները կիմանան սոլյարիում արևայրուքի վտանգավոր հետևանքների մասին:
Կորի Ֆելցը, որը սոլյարիների ևս մեկ զոհն է, խոստովանել է, որ 13 տարեկանում տարեկիցներն իրեն զայրացնում էին իր գունատության պատճառով, և ինքը սկսել է սոլյարի հաճախել: Կինը սոլյարի է հաճախել մինչև 27 տարեկանը, երբ ստիպված էր հեռացնել շրթունքի վրա աճած խալը: Վիրահատությունից հետո նրա դեմքին մնացել է ահռելի և սարսափելի սպի: Դրանից բացի, նա հիմա քիմիաթերապիա է ստանում, իսկ նրա մարմնի վրա մուգ բծեր են հայտնվել՝ որպես արևայրուքի ևս մեկ հետևանք:
Դեռևս 2000 թվականին Լիզա Փեյսի մոտ մելանոմա էին ախտորոշել: Վերջին 19 տարում Լիզան, որը հիմա 42 տարեկան է, ենթարկվել է 90 վիրահատության: Կնոջ խոսքով՝ հիվանդության պատճառն է սոլյարի չափից ավելի հաճախակի գնալը, որով նա հրապուրվել է դպրոցի բարձր դասարաններից: Մելանոման հաղթահարելու համար Փեյսը ստիպված էր յուրաքանչյուր 3 ամիսը մեկ կատարել մաշկի պատվաստումներ:
The Sun-ը նշում է, որ քաղցկեղի հետևանքով մահացության աճը գիտնականները կապում են վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթման հետ, որին մարդիկ ենթարկվում են արեգակի տակ և սոլյարիներում: 1970-ական թվականներից, երբ սոլյարիները սկսեցին հայտնվել Բրիտանիայում, քաղցկեղի հետևանքով մահացող մարդկանց թիվը 4 անգամ մեծացել է:
med.news.am