Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց գումար հատկացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին: Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը նշեց, որ Արցախում 2019թ. սեպտեմբերին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից որդեգրած ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու սկզբունքը՝ նպատակահարմար է Արցախում քաղաքացիական հասարակության կողմից ընտրություններին դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցության ցուցաբերումը:
 
Գաղտնիք չէ, որ վերոնշյալ ՀԿ-ն Բաց Հասարակության հիմնադրամի մշտական շահառուների ցանկում է: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ ՀԿ-ն գրասենյակ բացեց Ստեփանակերտում, ինչը բուռն արձագանք ստացավ` հաշվի առնելով այս ՀԿ-ի աշխատանքի բնույթը ՀՀ-ում և այն, թե որտեղից է այն ֆինանսավորվում: Շատերի կարծիքով ՀՀ իշխանությունները ակնհայտորեն աջակցում են Արցախ՝ սորոսականների ներթափանցմանը, իհարկե՝ հետապնդելով սեփական քաղաքական նպատակները: Մի կողմից Փաշինյանը հայտարարում է, որ դեմ է Արցախում լարվածությանը, իրավիճակի էսկալացիային, մյուս կողմից սորոսական դեսանտը Արցախ ուղարկվում է, այսպես ասած՝ առանց աղմուկի Փաշինյանի և ՀՀ իշխանությունների ծրագրերը առաջ տանելու և իրագործելու նպատակով:
 
Եվ ինչն էլ ավելի ուշագրավ է, դա արվում է ՀՀ հպարտ քաղաքացիների գրպանից, վերջիններիս վճարած հարկերի հաշվին: Անհայտ է, թե Սորոսն ու իր թիմը ինչ դրոշ կբարձրացնեն Արցախում, ինչ վտանգավոր արժեզրկման փաթեթի կդիմեն, և ինչին կուղղվի նրանց անտեսանելի հայացքը: Հակամարտության նոր փուլն սկսվում է, որտեղ հայ հասարակությունը պետք է ինքը ստորակետ դնի «ոչնչացնել չի կարող ստեղծել» հավիտենական արտահայտության մեջ: