Պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր կներկայացնեն, եթե անհրաժեշտ լինի: Այս մասին այսօր' օգոստոսի 25-ին, ԱԺ-ում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարության քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը' պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նարիա Զոհրաբյանի հարցին:
«Այս մարմինը, ենթադրում եմ, որ անպայման անդրադառնալու է նաև մինչև հիմա ներկայացված բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերին: Տվյալ պաշտոնյայի մինչև ո՞ր ազգակցական շրջանակն է ներգրավվելու պարտադիր հայտարարագիր ներկայացնողների մեջ, որպեսզի մենք արդյունքում աբսուրդի չհասնենք, մեր արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հրապարակման մեջ նշված է եղել, որ պաշտոնյաների վարորդները և քարտուղարուհիները ևս պետք է հայտարարագիր ներկայացնեն, նաև պաշտոնյայի հայտարարագրում առանձին տեղ է լինելու նրա բանկային հաշիվների հետ կապված»,- ասաց Զոհրաբյանը:
Նախարարը նշեց, որ ընդհանուր առմամբ հայտարարագիր ներկայացնողների շրջանակը կընդլայնվի, և ոչ միայն պաշտոնյայի հետ համատեղ բնակվողները կներկայացնեն հայտարարգիր, այլ նաև ծնողները, երեխաները և հարազատ եղբայրները, իսկ վարորդների և գործավարների մասով հայտարարագրումը կիրականացվի ըստ անհրաժեշտության:
«Վարորդների և գործավարների մասին խոսելիս գործ ունենք իրավիճակային խնդրի հետ, մասնավորապես, եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի և որոշակի անհմապատասխանություններ կհայտնաբերի, կամ որոշակի տեղեկություններ ձեռք կբերի, որ տվյալ պաշտոնատար անձը ձեռք է բերել գույք իր գործավարի կամ վարորդի անունով, այդ ժամանակ նաև կպահանջվի հայտարագիր տվյալ վարորդից»,- ասաց նախարարը: