Իմ դեմ դատական հայցն իրականում ներկայացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի միջոցով: Օգոստոսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը:
Նրա խոսքով՝ սա կապված է թռուցիկներ փակցնելու հետ՝ «Իմ աղբը» գրությամբ եւ Նիկոլ Փաշինյանի ու Հայկ Մարությանի պատկերներով: «Եթե Հայկ Մարությանը հայցը ներկայացրել է որպես Կարգին Հայկո, ապա մենք մարտահրավերն ընդունում ենք: Իսկ եթե քաղաքապետը, որը մայրաքաղաքում իրավիճակի գլխավոր պատասխանատուն է, այդ թվում՝ նաեւ աղբի հետ կապված իրավիճակի, ապա նա պետք է հասկանա, որ իշխանությունների հասցեին քննադատությունը ցանկացած ժողովրդավարական երկրում նորմալ երեւույթ է (այս դրույթն ամրագրված է նաեւ միջազգային իրավունքում): Այդ դեպքում նա պետք է զուսպ լինի, իրեն ուղղված քննադատությունից եզրակացություն կատարի եւ խնդրի լուծման միջոցներ ընդունի: Այս պատճառով մեր դեմ Փաշինյանի հայցը՝ ի դեմս Մարությանի հիմազուրկ է»,- նշեց ընդդիմադիրը՝ հավելելով, որ իրենք կշարունակեն իշխանությունների բռնապետական դրսեւորումների դեմ պայքարը, որոնք խաղաղ ակցիաներ անցկացնող մարդկանց քաղաքական հետապնդման են ենթարկում:
Աղեկյանի խոսքով՝ սա արտահայտվում է այն բանում, որ իրենց բերման են ենթարկում առանց պահանջ ներկայացնելու եւ պատճառը պարզաբանելու:
«Այս պահին մեր 8 կողմնակիցներ որպես մեղադրյալ են ներգրավված, եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը»,- հայտնեց Սոնա Աղեկյանը:
«Մենք շարունակելու ենք մեր ակցիաները, եւ շուտով կանցկացվեն լայնածավալ միջոցառումներ՝ կապված աղբահանության եւ քաղաքի այլ խնդիրների հետ: Եթե իշխանությունները չեն կարողանում քաղաքական կամք դրսեւորել, դուրս գալ ժողովրդի մոտ եւ նրա հետ շփվել, ինչպես դա անում էին՝ ձայներ աղերսելով ընտրությունների ժամանակ, ապա պետք է զիջեն նրանց, ովքեր իրականում տիրապետում են իրավիճակին եւ կարող են լուծել երեւանցիների խնդիրները: Եթե Մարությանը, որին մեզ պարտադրեց Փաշինյանը, չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա դրա պատասխանատվությունը պետք է կրի վարչապետը»,- եզրափակեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: