Երեկ հայտնի դարձավ, որ ՔԿ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում բացահայտվել է «Մավշին» ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի՝ 4 միլիոնից ավել դրամի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը, որի հիման վրա վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով կալանք է դրվել տնօրենին պատկանող անշարժ և շարժական գույքի վրա:

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ կապ հաստատած «Մավշին» ՍՊ ընկերության տնօրեն Մխիթար Մաթևոսյանն ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը՝ նշելով, որ Քննչականը սխալ տեղեկություններ է հաղորդել. տարածված հաղորդագրության մեջ գրվածները չեն համպատասխանում իրականությանը, և ինքը կրկնակի փորձաքննություն է պահանջել․ «Առանց ինձ փորձաքննություն են անցկացրել, ինչ ուզել գրել են, փաստացի երևացող բանը գրված է, որ արված չէ։ Գրել են պատի մեջի կաբելները արված չեն, բայց առանց կաբելը քաշելու շտեպցելները ո՞նց կարող են աշխատել, գրված է, որ բետոնե աստիճանները չկան, բայց իրականում կան։ Ուղղակի հիմարություն է, փորձում են սարքել գլխիս։ 1,2 տարի է՝ իմ օբյեկտները ստուգում են, որտեղ ստուգել են միայն ավել աշխատանք է եղել ու գործը կարճել են, հիմա էլ այս մեկը։ Ես պատրաստ եմ տանել, ցույց տալ և ապացուցել, որ այնտեղ չարված աշխատանք չկա, և գրվածները կապ չունեն իրականության հետ։ Քննիչն էլ է համոզված, որ դա հիմարություն է, քննիչն արձակուրդի մեջ է, պիտի գա, որ պարզենք, թե ինչու է նման բան գրվել, և ում կողմից է ուղղորդվել։ Ինչ գրված է իմ վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը, չարված աշխատանք չկա»,- ասաց ընկերության տնօրենը՝ նշելով, որ 2012թ․ իր քրտնաջան աշխատանքի շնորհիվ է ստեղծել ընկերությունը, և իր հետ աշխատող ընկերությունները զարմացած են իր մասին գրվածներից։

Մաթևոսյանը վստահ է՝ ինչ-որ մեկի կողմից ուղղորդված գործողություններ են կատարվում իր դեմ։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին․ «Ասացին պարտադիր է, ես էլ թողել եմ ստորագրությունը, որ չեմ հեռանա երկրից։ Բայց քրգործը դեռ չհաստատված գրել են, թե հաստատվել է, իսկ թե որտեղից են գրել 4 միլիոն դրամի մասին, չեմ կարողանում հասկանալ»,- նշեց «Մավշին» ընկերության տնօրենը։

Նշենք, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վայքի համայնքի մարզադաշտի շենքի վերանորոգման և համայնքային նշանակության այգու բարեկարգման աշխատանքներ կատարելու համար մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, կառավարության որոշմամբ՝ Վայոց Ձորի մարզպետարանին հատկացվել է 120.000.000 ՀՀ դրամ սուբվենցիա:

Պարզվել է, որ 2016թ. մարտի 21 -սեպտեմբերի 21-ը ՍՊ-ի տնօրենը, շինարարական աշխատանքների կատարման ընթացքում նախատեսված աշխատանքները մասնակի կատարելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար: ՍՊ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: