Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Առողջապահության նախարարն իր տապալված ասուլիսից հետո տվել է իր կարծիքով իրական «մեղավորի» անունը:
«ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից էր կազմակերպված այս ամենը: Նա ժառանգություն է ստացել իր պաշտոնը և հիմա սարսափած է, որ կարող է այն կորցնել: Նա կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Երբ մենք ցանկացանք ԵՊԲՀ խորհրդի կազմը փոխել, այդ ժամանակվանից սկսվեց արշավն իմ դեմ»,-ասել էր նա:
ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մուրադյանը որոշ մանրամասներ հայտնեց, թե որտեղից է եկել նախարարի և իր միջև առաջացած լարվածությունը:
«Մեկ տարի առաջ ունեցել ենք քննարկում Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված, որի ընթացքում նախարարի կողմից հնչել է անթույլատրելի միտք. «50 հոգի եղել է հաշմանդամ, 50-ն էլ մեռնելու է հաշմանդամ, ինչո՞ւ եք այդքան փող ծախսել»: Արտահայտած այս մտքից հետո մեր մեջ չի կարող որևիցե ընդհանուր բան լինել»,- ասաց Արմեն Մուրադյանը և ցինիզմ և ոչ ադեկվատ որակեց նախարարի վարքագիծը:
Իսկ ինչ վերաբերում է նախարարի այն պնդմանը, թե Արմեն Մուրադյանը վախենում է կորցնել իր պաշտոնը, պատասխանեց. «Բազմաթիվ պաշտոններ եմ ունեցել, բայց իմ ամենաթանկ պաշտոնը սպիտակ խալաթով ժողովրդին ծառայելն է եղել. դա թող նախարարը մեկընդմիշտ հիշի»:
Արմեն Մուրադյանը նաև խոսեց ասուլիսը տապալած բժիշկ Գևորգ Թամամյանի մասին, որը Մուրադյանի ընկերն ու խորհրդականն է. «Թամամյանը ճշմարտախոս բժիշկ է, պետք է լսել նրա քննադատությունները և դրանց ադեկվատ գնահատական տալ»: