Երեկ Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հիմքերի սահմանադրականության գործով որոշման մի մասը։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն նշեց, որ ՍԴ որոշման ընդամենը եզրափակիչ մասն է հրապարակվել, ուստի ենթադրել Ռոբերտ Քոչարյանն ազատ կարձակվի, թե՝ ոչ, հնարավոր չէ, մինչև որոշումն ամբողջությամբ չլինի։
Նրա խոսքով՝ ՍԴ-ի կողմից Քոչարյանի նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընդունելու հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը նշանակում է, որ տվյալ հոդվածը թերի է և չի ներառում անձեռնմխելիություն ունեցող անձանց խնդիրները։
«Այդ հոդվածով անձնեռնմխելիություն ունեցող անձանց կալանքի հետ կապված ընթացակարգերը չեն կարգավորովում, ըստ էության, դա ոչ թե հակասահմանադրական է, այլ՝ օրենքի բաց։ Այսինքն՝ այդ հոդվածը պետք է կարգավորեր անձեռնմխելիություն ունեցող անձանց խնդիրները, որը չի կարգավորում և այդ հիմքով ճանաչվել է հակասահմանադրական։ Նախնական կարող եմ ասել, որ գործի քննության առումով այն որոշակիորեն Ռոբերտ Քոչարյանի համար դրական նշանակություն կարող է ունենալ, բայց դրանից ավել ոչինչ ասել չենք կարող, որովհետև ծանոթ չենք այդ որոշմանը, որպեսզի հասկանանք՝ ինչ պատճառաբանական դիրքորոշումներ կան ներկայացված»,- ասաց նա։
Ըստ սահմանադրագետի՝ մինչև ամբողջ որոշումը չհրապարակվի, դրա մասին ենթադրություններ և մեկնաբանություն անելը սխալ կլինի։
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 4-ին, Սահմանադրական դատարանը հրապարակեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, ըստ որի՝ Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող․ «Սահմանադրական դատարանը որոշեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը (քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների) ճանաչել Սահմանադրության 61, 63, 68 հոդվածներին հակասող և անվավեր համարել այն»։