ՊԵԿ նախագահն աշխատանքային խորհրադակցություն է անցկացրել Հյուսիսային մաքսատուն-վարչությունում՝ շինարարական աշխատանքների հետ կապված: Հայաստանի հյուսիս-արևմուտքում' Շիրակի մարզում հատկապես, առանձնակի կարևորություն կստանա արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի գործարկումը: Իսկ մինչ այդ Գյումրիում' կառույցի համար նախատեսված տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը, այսօր մեծ թափով շինարարություն է ընթանում:

Դավիթ Անանյանի գլխավորությամբ աշխատանքային խումբը շրջել է տարածքում, դիտարկել աշխատանքային գործընթացը և արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը:

Սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմաքսատան համար նախատեսված 5,5 հեկտարում է մեծածավալ շինարարությունն ընթանում: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ նոր շենքի հիմքերն են դրվել, իսկ այսօր արդեն շինարարական եռուն շրջանն է: Շինարարները քայլ առ քայլ իրականություն են դարձնում նախագիծը:

Հոկտեմբերի 11-ին նախատեսված է Գյումրիի ավտոմաքսատան բացումը:

Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ արդեն հոկտեմբերին այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա: