Աժ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցողը ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանն է։

«Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք ունեցող անձին վարորդական վկայական ստանալու օրվանից կամ կոնկրետ պահից մեկ տարի ժամկետով տրվելու է 9 միավոր։ Եթե մեկ տարվա ընթացքում պարբերաբար խախտումներ կատարելը հանգեցնում է տրված 9 միավորի սպառմանը, ապա իրավախախտ վարորդի նկատմամբ վեց ամիս ժամկետով կիրառվելու է տրանսպորտային միջոց վարելու իրավունքի կասեցում տույժի տեսակը։ Կասեցման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքը օրենքի ուժով վերականգնվելու է և կրկին տրվելու է 9 միավոր։ Կասեցման ժամկետը լրանալուց հետո վերստին տրված 9 միավորը մեկ տարվա ընթացքում կրկին սպառելու դեպքում իրավախախտ վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության մեկ տարի ժամկետով զրկվելով վարելու իրավունքից։ Այս դեպքում վարելու իրավունքից զրկված անձը վարելու իրավունք կարող է ձեռք բերել ընդհանուր հիմունքներով տեսական և գործնական քննության արդյուքներով»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանը նշեց, որ տուգանքների աճ այս նախագծով չի նախատեսվում, հակառակը՝ այս նախագիծը տուգանքների նվազեցման է հանգեցնելու։

«Այսուհետ մենք վարում ենք տուգանքների իջեցման քաղաքականություն։ Որպեսզի անվտանգությունը չտուժի, երթևեկության ոլորտում մենք դա հավասարակշռելու ենք նոր տույժի տեսակով, որը կոչվում է բալ։ Բալի ամբողջ իմաստը հետևալն է՝ պարբերաբար խախտում կատարող վարորդը երթևեկությունից պետք է մեկուսացվի»,- ասաց Քոչարյանը։