Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի բան ասեմ էլի:
Քաղաքացին իր ամենօրյա ապրած կյանքով ու արդյունք տվող գործով է քաղաքացի, ինչ մասնագիտության տեր որ լինի:
Ես մի ամբողջ կյանք ասել եմ այն, ինչ մտածել եմ (Հ1-ի «Առավոտյան ծրագրից» մինչև Արմենիա թիվիում «Մարդկային գործոնը» սոցիալական հաղորդումը, հարցազրույցները ու մնացած բոլոր հարթակները` ընդհուպ սոցկայքերը), բայց գործս առավել է եղել, քան խոսքս:
Է իմաստը որ՞ն է խոսելու, եթե դա մարմին ու նյութ չի դառնալու, եթե չի դառնալու գործողություն, ու օգտակար չի լինելու գոնե մեկին:
Փորձել եմ լինել հնարավորինս կոռեկտ, որպեսզի հանիրավի չմեղադրեմ, հանկարծ չզրպարտեմ, ու չտարածեմ կեղծ օգտատերերի կեղծ ինֆոներ: Բայց ցավում եմ, որ ժամանակին ավելի հակված եմ եղել տեսնելու վատը, խնդիրները, թերացումները, քան արված ու լավ գործը:(
...Եղել եմ հիմնականում հասարակական ու սոցիալական տարբեր նախաձեռնությունների կողքին իմ կարեցածի և ունեցածի չափով:
Անհատների հետ եմ աշխատել շատ, հիմնականում անծանոթ մարդկանց համար ու հետ...անշահախնդիր, առանց հետադարձ շնորհակալության կամ գնահատականի սպասումի...
...Ներկայումս էլ շարունակում եմ իմ մասնագիտական գործունեությունը` փորձելով օգուտ տալ Երկրին, զարգացնել ու զարգանալ: «Համի ուժ»-ով մենք վերականգնեցինք ու վերագտանք շատ կորսված բաղադրատոմսեր, սովորույթներ ու մշակութային առանձնահատկություններ (6 եթերաշրջան), կամրջեցինք կարոտած հայերին սիրով ու պատմությամբ... ծանոթացանք բացառիկ հայերի հետ` հեռավոր գյուղերում գլուխը կախ աշխատող հողագործից մինչև դպրոցի նվիրյալ ուսուցիչ կամ տարիներով հիվանդանոցում ապրող բժիշկ:
Վերջին մոտ երկու տարին գրեթե չեմ խոսում, այնտեղ, որտեղ «խոսում» են բոլորը, երբեմն պետք է լինեն լսող մարդիկ: Ես լսում եմ, 1.5 տարի:
Ինձ ոգևորում էր իմ ընկերների հավատը.... ինձ անասելի տխրեցնում է էդ հավատի սասանումն ու համատարած ագրեսիան, որը կար, կա, ու, ցավոք, դարձել է ասես մեր գենի հիմնական հատկանիշ:
Ամենատխուր բանը սասանված հավատն է, և այն, որ քննադատությունը, նույնիսկ առողջ, ընկալվում է որպես հարված` հավատին ու վստահությանը:
Կույր հավատը նույն խավարամտությունն է ինձ համար, ինչ գիտական կոչումն առած «գիտնական»-ի գոյությունը, ինչ թլիկ մարդու` բեմական խոսք դասավանդելը, ինչ ֆեյքի` ազատություն գոռալը կամ դիմացինի գործունեության «ապացույցների» պահանջը, երբ ինքն առահասրակ գոյություն էլ չունի, կամ վիրահատած քթով, ծնոտով, վիրահատած կրծքերով ու աչքերին ոսպնյակներով ինչ-որ կնոջ` մի ուրիշի բնական արտաքինի քննադատությունը...
Խոսքի ազատություն ունեցող մարդը պատասխանատվություն է զգում իր արտաբերած ամեն մի խոսքի համար, ես գոնե այդպես եմ դաստիարակվել ու կրթվել:
Պատեհ-անպատեհ խոսելը դեռ չի նշանակում որակով ու գործուն քաղաքացի լինել, կամ, մանավանդ սիրել հայրենիքը:
Երկար ներածականիս համար կներեք:
Հիմա բուն ասելիքս:
Ես խորապես շնորհակալ եմ այն բնապահպաններին, որոնք տարիներ առաջ իմ աչքերը բացեցին բնապահպանական շատ հարցերում, ինձ կրթեցին ( որովհետև դպրոցներում ու ԲՈւՀ- երում ցավոք այս թեման առհասարակ չկա), ինձ ստիպեցին վերանայել ևս մեկ անգամ Հայաստանի բնության հետ կապված շատ հարցեր ու խորքային ուսումնասիրություններին ծանոթանալ, որքան էլ ցավոտ էին դրանք:
Ես Ամուլսարի հետ կապված հարցին ծանոթացա դեռ մի քանի տարի առաջ, երբ առաջին անգամ լսեցի այն խնդիրները, որ կային ( իմ մեղավորությունն է, որ մինչև այդ զբաղված լինելով մասնագիտական գործունեությամբ ու անընդահատ աշխատելով` իրազեկ չէի):
Ես շնորհակալ եմ այդ նույն բնապահպաններին, որոնք այսօր էլ անում են այն, ինչ շատերը ուղղակի չեն հասցնում, չեն ուզում կամ չգիտեն: Մեծագույն սխալ էր նախկին բոլոր կառավարությունների կողմից Հայաստանի ու ժողովրդի նկատմամբ` Ամուլսարի շահագործման թույլտվությունը:
Նույնքան մեծ սխալ է ներկայումս հանքի շահագործման շարունակությունը: Առավել ևս ես ցավում եմ, որ այս կնճռոտ հարցը նորից բաժանում է մարդկանց:
Ամեն դեպքում, Ամուլսարն ուղղակի սար չի, ուղղակի հանք չի և ուղղակի «բողոքելու» առիթ չի: Այն մեր` ամենօրյա խմելու ջրի մաքրության ու անմիջական մեր բոլորի առողջության հիմանական պահապանն է: Պահապան բառիս բուն իմաստով:
Հեշտ է ֆեյք (կեղծ) օգտատերերով հարձակում գործել ճշմարտությունը բարձրաձայնող բնապահպանների կամ այլ մարդկանց վրա, հեշտ է թեկուզ իրական պրոֆիլներով մեղադրել նրանց, թե ինչու այս կամ այն հարցի հետ կապված ոչինչ չեն անում, հեշտ էր և հեշտ է առհասարակ մեղադրել:
Բայց ամեն օր` ԳՈՐԾՈՎ բնությունը պահպանելը շատ դժվար է, ու պարզվում է անշնորհակալ մի գործ:
Ես շնորհակալ եմ այն մարդկանց, լինի Ջերմուկի բնակիչ, որը ժամանակին ինֆորմացված չլինելու պատճառով սխալներ է թույլ տվել, բայց հիմա ռիսկերը հասկանալով փորձում է շտկել վիճակը, մինչև ընդհանրական «բնապահպան» կոչվող այն մարդկանց, որոնք բոլորիս փոխարեն ստանձնել են Հայաստանի բնության պաշտպանությունն ու դա անում են ԻՐԱԿԱՆՈՒՄ՝ ֆիզիկապես իրենց ժամանակն ու կյանքը նվիրելով այդ գործին: Բոլորս ենք սխալական, ինձնից սկսած, բայց կարելի է վերանայել չէ աշխարհում գոյություն ունեցող խնդիրներն ու մարտահրավերները, և ՓՈՐՁԵԼ ՇՏԿԵԼ:
Աշխարհում մեծագույն վտանգ է գլոբալ տաքացումը, պլաստիկից աղբի քանակը (Համաշարհային օվկիանոսի աղտոտվածությունը), արհավիրքներին ենք ամեն օր ականատես, ջրհեղեղներին, կատակլիզմներին:
Մեզ թվում է թե ապրում ենք աշխարհից անջատ, առանձին մոլորակի վրա((, բայց էդպես չէ: Մենք շղթայական ԲՈԼՈՐՍ կապված ենք միմյանց հետ, կապված ենք ինչպես մեր լեռները, որոնք անընդհատ փորում ենք, կապված են և հարկատուն, և հարկից խուսափողը, և հանքում աշխատողը ու դրանից հիվանդացողը, և այդ հանքի վատ ազդեցության պասիվ կրողն ու էլի հիվանդացողը, և կառավարության անդամը և ընդդիմադիրը, և անգրագետը, և թե խելացին, թե կառավարությունն ու նրա կողմնակիցը և թե նրա հետ անհամաձայն բնապահպանն ու քաղաքացին, և Հայաստանը, և Աշխարհը:
Մենք ԲՈԼՈՐՍ ենք կրելու և կրում թե՛ հաջողության, ճիշտ ու մտածված քայլերի լավ արդյունքը, թե այն սխալների անդառնալի հետևանքները, որոնք կարող են լինել` անկախ այդ սխալի վաղեմության ժամկետից:
Կներեք երկար ու էմոցիոնալ խոսքի համար: Լավ մնացեք»: