Ռազմական սպորտի միջազգային խորհրդի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել համաժողով, որի ընթացքում ելույթով հանդես են եկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՌՍՄԽ-ի Եվրոպական ֆեդերացիայի նախագահ, գնդապետ Դիրք Շվեդեն, խորհրդի գլխավոր քարտուղար Մոմբի Կոյտան։

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել է 29 երկրի պատվիրակությունների անդամներին և կարևորել ՌՍՄԽ գործունեությունը, որը տարբեր երկրների զինծառայողներին մեկտեղում է սպորտային մեկ հարթակում։ Ըստ Դավիթ Տոնոյանի՝ այս ընթացքում հայ մարզիկները ոչ միայն հաղթանակներ են արձանագրել կազմակերպության առաջնություններում, այլև բարեկամացել շատ երկրների մասնակիցների հետ։

ՌՍՄԽ Եվրոպական ֆեդերացիայի նախագահը պարգևատրել է ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ, գնդապետ Արամ Գրիգորյանին, Արման Դավթյանին և մի շարք զինծառայողների։ Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը պարգևատրել է ՌՍՄԽ-ի ղեկավար կազմին։

Համաժողովի ընթացքում կքննարկվեն կազմակերպության մարտահրավերները և հեռանկարները։ Կհստակեցվեն խորհրդի օրակարգի, կառավարման և ռազմավարության վերաբերյալ տարբեր հարցեր, ինչպես նաև Չինաստանի Ուհանի մարզում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք մրցաշարի կազմակերպչական խնդիրներ։