Հույս ունեմ, որ դատարանները թույլ չեն տան հանրությանը խորացնել անվստահությունը դատական համակարգի նկատմամբ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն՝ անդրադառնալով հարցին, որ այսօր աղմկահարույց դատական գործեր են քննվում, բայց հին համակարգով։

Լրագրողների այն նկատառմանը, թե խոստացել եք Մարտի մեկի գործի բացահայտում, արդար դատաքննություն, ինչպե՞ս է դա իրականություն դառնալու, եթե մյուս կողմից էլ խոսվում է, որ դատարանները դեռ անկախ չեն, իսկ վեթինգը ծրագրվածի համաձայն չի իրականացվում' Միրզոյանը ասաց.

«Վեթինգն իրականացվում է ԲԴԽ-ով, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների մեջ ավելացնելով դատավորների բարեվարքության վերաբերյալ եզրակացություններ տալը: Ես ցավում եմ, որ մենք վերջնականապես չմարսեցինք այդ բառը և չհասկացանք, թե «վեթինգ» ինչ է նկանակում: Դա բազմաթիվ օրենքներով, բազմաթիվ գործիքների համակցություն է: ԲԴԽ-ն փոխվեց, և իրենք ունեն պերմանենտ վեթինգ անելու լիազորություն: Մեր խոստումն ուժի մեջ է և մենք գնալու ենք առաջ, դա վերաբերելու է մյուս ուժային կառույցներին»:

Միրզոյանը ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի մասին ասաց․ «Եթե դատարանը որոշի ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին կամ այլ դատապարտյալի, մեր'իշխանության պատասխանատվությունն, այդտեղ չկա: Բայց ես ուզում եմ ասել, որ չենք կարող հիասթափեցնել քաղաքացիներին այն բանում, ինչ չենք խոստացել: Մենք չենք խոստացել, որ վերցնելու ենք և ցուցակով ձերբակալելու»։

Լրագրողները Միրզոյանին հիշեցրին, որ իշխանությունը խոստացել էր բացահայտել Մարտի 1-ը, ավելին՝ հայտարարել էր, որ բացահայտված է, ինչին ի պատասխան Միրզոյանն ասաց․ «Գործը քննվում է: Ի՞նչ եք առաջարկում, վերցնենք ու որոշենք դատարանն անաչառ չէ՞, լուծարե՞լ դատարանը, ձևավորել հեղափոխական տրիբունա՞»: